ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և սադրիչ գործողությունները՝ միտված Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության շրջանում վախի մթնոլորտի ստեղծմանն ու Արցախի հայաթափմանը: Նման հայտարարություն է արել Արցախի ԱԳՆ–ն` անդրադառնալով այսօր Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից քաղաքացու մահվան դեպքին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
«Տվյալ և նախորդ մյուս բոլոր միջադեպերը, որոնց ընթացքում տուժել են խաղաղ բնակիչներ կամ նրանց պատկանող գույքը, Ադրբեջանի համակարգված հայատյաց քաղաքականության դրսևորումներ են և հերթական ապացույց, որ Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի ժողովրդին ուղղված խաղաղասիրական կոչերը և խաղաղ համագոյակցության հնարավորության վերաբերյալ պնդումները ոչ այլ ինչ են, քան քաղաքակիրթ աշխարհին մոլորեցնելու և հայկական կողմերի զգոնությունը թուլացնելու փորձ»,–ասվում է ԱՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
ԱՀ ԱԳՆ–ից նշել են, որ Ադրբեջանը հեռահար նպատակներ է հետապնդում` խափանել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացումն ու կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը։
«Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական կողմին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` այսօր` հոկտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով տեղում զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ․)։
Սպանության փաստով քրգործ է հարուցվել։