ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` Բադեն–Բադեն այցերի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ստացել, որն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն քննության առարկա դարձնելու նպատակով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։
«Հանցագործության մասին հաղորդումը Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ»,– հայտնեցին դատախազությունից։
Նշենք, որ մինչ այդ հաղորդումը դատախազությունը Սերժ Սարգսյանի այցերին վերաբերող հրապարակումներն ուղարկել էր Քրեական ոստիկանություն դրանց կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու և ըստ արդյունքների ընթացք տալու նպատակով:
Այս նյութերի վերաբերյալ ոստիկանությունից մինչ օրս պատասխան դեռ չի ստացվել, ուստի դատախազությունը Քրեական ոստիկանությունից պահանջել է ՀՔԾ ուղարկել նաև այդ հրապարակումները` նախապատրաստվող նյութերի հետ միասին քննության առարկա դարձնելու համար։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից կոռուպցիոն դրսևորումներին, հիշատակեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պնդելով, թե վերջինս 100 մլն դոլար է տանուլ տվել Բադեն-Բադեն քաղաքում գտնվող խաղատանը։
«Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա նույն Բադեն-Բադենում» - ասաց Սուքիասյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը դատի է տվել իշխանական պատգամավորին ու ԱԺ աշխատակազմին` նրանցից պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և հատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը։
Նշենք նաև, որ 2021-ի արտահերթ ընտրություններից առաջ, սակայն, Սերժ Սարգսյանը բացարձակ չէր հերքել իր՝ Բադեն-Բադեն քաղաքում լինելը, ուղղակի նշել էր, որ այն առողջարանային և մշակութային քաղաք է, ինքն էլ շրջանցել է այն փողոցները, որտեղ խաղատներ կան։