ՔՊ–ական պատգամավորը գիտի, թե ՍԴ–ն ինչ որոշում կկայացնի համայնքների խոշորացման հարցով

Սահմանադրական դատարան
Հերիքնազ Տիգրանյանը համոզված է` համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրությունը հակասահմանադրականության տարր չի պարունակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության կողմից Սահմանադրական դատարան դիմելու փաստը հիմք չէ, որպեսզի համայնքների խոշորացման պրոցեսը չշարունակվի։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ։
Այսօր հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցությունը համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը վիճարկել է Սահմանադրական դատարանում:
Համայնքների խոշորացման հիմնական բացթողումը. մասնագետը՝ հետևանքների մասին
«ՍԴ դիմելով համայնքների խոշորացման գործընթացը չի կասեցվում։ Այո, խոշորացումը ուղղակիորեն և անուղղակիորեն կապված է նաև համայնքներում ընտրական պրոցեսների հետ, բայց կարծում եմ, որ գործընթացը բնականոն հունով կշարունակվի, մինչև ՍԴ-ն որոշում կկայացնի»,–ասաց Տիգրանյանը։
Նա նշեց, թե վստահ է` ՍԴ–ն ինչ որոշում պետք է կայացնի, սակայն եթե բարձրաձայնի, կասեն՝ իշխանական պատգամավորը կանխակալ կարծիք է հայտնում։ Պատգամավորի խոսքով` խոշորացման գործընթացը Հայաստանում նոր չէ, որ սկսվել է, և այդ գործընթացի սահմանադրականությունը երբևէ չի վիճարկվել։
Տիգրանյանը համոզված է` համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրությունը հակասահմանադրականության տարր չի պարունակում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթ։
Ըստ այդմ` Հայաստանը կունենա 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված:
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։