ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Փաշինյան-Պուտին հանդիպման առանցքային խնդիրը կլինի Սյունիքը, այսինքն՝ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ վերաբերմունքը տրանսպորտային հաղորդակցության հարցին։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով առաջիկայում նախատեսվող հանդիպման մասին։
«Ես այն կարծիքին չեմ, որ ՌԴ-ում չեն գիտակցում կամ կարևորում, որ այդ միջանցքը որակապես նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում, որում շահագրգռված չէ նաև Ռուսաստանը։ Կարծում եմ, որ նրանք կպայմանավորվեն, թե ինչպիսին պետք է լինի հայկական կողմի վարքագիծն այդ հարցում»,- նշեց Հարությունյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախատեսվող հանդիպման մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները մշտապես պնդում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ադրբեջանի նախագահը նույնիսկ սպառնացել է, որ եթե Հայաստանը միջանցք չտրամադրի, ապա իրենք պատրաստ են այն ուժով վերցնել։ Սակայն ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քանիցս հայտարարել են` ապաշրջափակումը տարածաշրջանում չի ենթադրում ինչ-որ միջանցքի ստեղծում։