Ի՞նչ խնդիրներ կարող է լուծել Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի համար նախատեսված հարթակում

Դավիթ Զալկալիանի. Արխիվային լուսանկար
Պաշտոնական Թբիլիսին պարզաբանել է, թե ինչ է ենթադրում Ադրբեջանի և Հայաստանի հաղորդակցությունների հարթակի ստեղծումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հարթակը չի նախատեսում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արծարծվող հարցերի քննարկում: Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
«Բարդ է, բայց պետք է»․ Վրաստանի ԱԳ նախարարը՝ «3+3» ձևաչափի մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես էր եկել Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումների ապահովման համար Թբիլիսիում հարթակ ստեղծելու առաջարկով:

«Մենք հավակնություններ չունենք, որպեսզի մեր պլատֆորմի շրջանակներում քննարկենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հանդիպումներում արծարծվող հարցերը։ Խոսքը զուտ ենթակառուցվածքային հարցերի, տնտեսական, տրանսպորտային նախագծերի մասին է», - ասել է Զալկալիանին։

Նրա խոսքով` Վրաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են քննարկել նաև նավահանգիստների, լոգիստիկայի, երկաթուղային ենթակառուցվածքի գործունեության հարցերը, այսինքն՝ այն ամբողջ սպեկտրը, որը կարող է հետաքրքրել նաև Հայաստանին:
Զալկալիանին կարծում է, որ վերջին 30 տարիների ընթացքում Վրաստանի հավակնությունները՝ ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության գործում, իրականացվել են: Վրաստանը վերջապես ձեռք է բերել տարածաշրջանային խաղացողի դեր և այդ ամենը՝ շնորհիվ երկրի վարչապետի։
Վրաստանի ինտենսիվ թրքացումը ստանում է հարաճուն տեմպեր. Ջամալյան
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ղարիբաշվիլին ակտիվորեն շփվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
Նշենք, որ Վրաստանը դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար հանդես է եկել հայ-ադրբեջանական երկխոսության հարթակ ստեղծելու առաջարկով։ Վերջին անգամ այդ մասին բարձր մակարդակով խոսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության ՝ Թբիլիսի կատարած այցի ժամանակ։