ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ղրիմի Հանրապետության Պետխորհրդի պատգամավոր Արմեն Մարդոյանը կարծում է, որ Ղրիմին պետական ծրագիր է հարկավոր՝ ուղղված հուշարձանների վերականգնմանն ու ճարտարապետության պահպանմանը:
«Այսօր միայն հայ ժողովուրդը 28 ավերված եկեղեցի և վանք ունի Ղրիմի տարածքում»,-մեջբերում է նրա խոսքերը ՌԻԱ Նովոստի Ղրիմը։
Պատգամավորը նշել է, որ թերակղզում ապրող մյուս ժողովուրդները ևս կցանկանային բազմաթիվ հուշարձաններ վերականգնել՝ մշակութային և ազգային ինքնության պահպանման համար։
Մինչդեռ առայժմ չկա միասնական ծրագիր, որը նախ` համալիր տեղեկություններ կպարունակեր այդպիսի օբյեկտների մասին, երկրորդ՝ նկատի կունենար դրանց վերականգնման, ռեստավրացիայի կամ գոնե կոնսերվացման ռազմավարությունը։
«Պետք է առաջարկ ներկայացնել նախ «Մշակույթի, զբոսաշրջության և սպորտի կոմիտեին, ապա՝ Պետխորհրդի նախագահին և հանրապետության ղեկավարին այդ օբյեկտների վերականգնման ֆինանսավորումը դաշնային մակարդակ դուրս բերելու խնդրանքով։ Առանձին ծրագիր է պետք դրա համար»,- եզրափակել է պատգամավորը։
Մշակույթային հուշարձանների վերաբերյալ տեղեկատվությունը հավաքում են «Ղրիմի ճարտարապետական ժառանգությունը» նախագծի հեղինակները:
Բելոգորսկի շրջանի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչ, «Ղրիմի ճարտարապետական ժառանգությունը» նախագծի հեղինակ Մնացական Մելքոնյանը թվարկել է պատմական արժեք ներկայացնող որոշ օբյեկտներ:
Նրանց թվում են դաշնային նշանակություն ունեցող հայկական Սուրբ Փրկիչ տաճարը, որը ներկայումս ավերված է, նաև` խորհրդային ժամանակներից կոնսերվացված քարավանատունը, հին հայկական գերեզմանատունը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում պատմաբանների համար և այլն: