ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Բասկերի երկրի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է մի բանաձև, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք։
«Ադրբեջանից պահանջում ենք շտապ ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ գերիներին` առանց նախապայմանների և ինչպես պահանջում է ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը։ Ինչպես նաև միանում ենք Եվրախորհրդարանի առաջարկին, որով վերահաստատվում է Արցախի ապագա կարգավիճակը բանակցությունների միջոցով լուծելը, ուժի գործադրման բացառումը, ինչպես նաև ազգային ինքնորոշման իրավունքի իրացումը»,– իր ելույթում ասել է Բասկերի երկրի խորհրդարանի ընդդիմադիր անդամ Օիհանա էչեբերիետա Լեգրանը։
Նա ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նախարարների մակարդակով շփումների հանգամանքը` ընդգծելով քաղաքական լուծման անհրաժեշտությունը, բայց մինչ այդ, նրա խոսքով` իրենք նախ պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ և իրենց համերաշխությունն ու աջակցությունը` հայ ժողովրդին` իր տարածքային և հանրային իրավունքները պաշտպանելու գործում։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հոկտեմբերի 4-ին հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը, մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ Հայաստան է վերադարձվել 1989-ին ծնված Արթուր Դավիդյանը, որն այս տարվա օգոստոսի 22-ին հատել էր Արցախի Հանրապետության սահմանը։