ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում` Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին, այսօր մահվան ելքով վթար է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 21:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 52-ամյա Արսեն Խաչատրյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է տախտակով բարձված «MAZ» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության` Եղվարդի հրշեջ-փրկարարները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և բեռնատարի վարորդի ամբողջական տվյալները:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ մահացածը Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ազգականն էր: