Եկեք անկեղծ լինենք։ Փողերի ենթադրյալ լվացման հետ կապված սկանդալները միանգամայն տարբեր ավարտ են ունենում։ Հիշենք թեկուզ, թե ինչ ջանադրաբար էին Հայաստանի իշխանությունները ժամանակին փորձում ապացուցել, որ դրսից ստացված խոշոր գումարի լվացման հետ է առնչվում ընդդիմադիր գործիչներից մեկը։ Եվ որտե՞ղ է նա հիմա։ Սկանդինավյան ծաղկող երկրներում ներկայացնում է Հայաստանը որպես դեսպան։
Երբեմն այդ սկանդալները նույնիսկ զավեշտի են վերածվում։ 2013 թվականին, երբ երևանյան մամուլը սենսացիոն լուր տարածեց, թե այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը այլ անձանց հետ համատեղ Կիպրոսում օֆշորային ընկերություն է գրանցել, իսկ վարչապետը զարմանքով պնդեց, որ առաջին անգամ է լսում նման ընկերության գոյության մասին, Կիպրոսի գլխավոր դատախազը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Մեր երկրում չի կարող ընկերություն գրանցվել առանց հիմնադիրների իմացության և համաձայնության»։ Վարչապետը վիճաբանության մեջ չմտավ կիպրոսցի դատախազի հետ, պարզապես մի քանի շաբաթ անց Կիպրոսում ընկերություն գրանցեց մահացած հայաստանցիների անուններով՝ ակնհայտ հեգնական «Մկների ժողով» անունով։
Անցավ ընդամենը երեք տարի, և օֆշորային գաղտնի ընկերությունների ու փողերի լվացման հետ կապված շատ ավելի մեծ՝ միջազգային սկանդալ ծագեց, երբ հրապարակվեցին այսպես կոչված «Պանամյան փաստաթղթերը» տասնյակ պետությունների պաշտոնյաների անուններով։ Արձագանքը միանգամայն տարբեր էր։ Իսլանդիայի վարչապետ Դեյվիդ Գունլաուգսոնն անմիջապես հրաժարական տվեց, երբ հայտնի դարձան իր և կնոջ, այսպես ասենք, կիսաօրինական գործարքները։ Մեզ մոտ էլ հրաժարական տվեց «Պանամյան փաստաթղթերում» հիշատակված հայտնի պաշտոնյաներից մեկը՝ Դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացնող կառույցի ղեկավար Միհրան Պողոսյանը։ Եվ որտե՞ղ է նա հիմա։ Համենայնդեպս ամռանը՝ մեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, նրա անունը կարող էիք տեսնել քաղաքական ուժերից մեկի ընտրացուցակում։
Մի քանի օր առաջ մոտ 600 լրագրողներ ավելի քան 100 երկրներից ներկայացրին երկրորդ նման զեկույցը, որում մանրամասն տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես են հայտնի մարդիկ աշխարհի տարբեր ծայրերում անանուն ձեռք բերել շատ թանկարժեք ունեցվածք, ինչպես են փողեր լվացել և օֆշորում թաքցրել իրենց եկամուտները։ Հիմա կարող եք ասել՝ եթե դա հարուստ պաշտոնյայի անձնական գումարներով է արվել, պետության շահերը չեն տուժել, ի՞նչ իրավունք ունենք դատապարտելու այդ մարդուն։ Ինչպես ասում է հայտնի ֆիլմի հերոսը. «Իր կինն է, իր կնոջ մատանին, ի՞նչ գործ ունեն իրավապահները նրա մատի ու մատանու արանքը»։ Բայց ախր ակնհայտ է, որ մուծելով հարկերն օֆշորում` այդ պաշտոնյան նպաստում է այն բանին, որ, ինչպես ասում է նույն հրաշալի կինոնկարի մեկ այլ հերոս. «Էս երկիրը բոլորին քիչ է վճարում, որ երկիրը երկի՛ր դառնա»։
Ինչևէ, վերաբերմունքը վերջին հետաքննական զեկույցին, որն այս անգամ ստացել է «Պանդորայի արխիվ» անվանումը, կրկին միանշանակ չէ։ Եթե նախորդ անգամ Իսլանդիայի վարչապետը հրաժարական տվեց, քանզի քաղաքացիների շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացավ, ապա դժվար թե նույնկերպ վարվի Հորդանանի թագավոր Աբդալահ Երկրորդը։ Ու բոլորովին ոչ այն պատճառով, որ միապետներն ընդհանրապես շատ հազվադեպ են հրաժարվում գահից։ Ուղղակի հարցումները ցույց են տալիս, որ հորդանանցիների մեծ մասը ամենևին չի դատապարտում սեփական թագավորին, որի նկատմամբ բավական ջերմ վերաբերմունք ունի։
Բայց խոսքը ավտորիտար երկրի մասին է։ Բոլորովին այլ է իրավիճակը եվրոպական դեմոկրատական պետություններից մեկում՝ Չեխիայում։ Միլիարդատեր-վարչապետ Անդրեյ Բաբիշին էլ են մեղադրանքներ ներկայացված, այն էլ ե՞րբ, խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։ Հենց վաղը և մյուս օրը չեխերը պիտի գնան քվեարկելու, և Բաբիշի «Անո» (թարգմանաբար՝ «Այո») կուսակցությունն առաջատար է։ Հիմա՝ այս բացահայտումներից հետո, ամեն ինչ կարող է արմատապես փոխվել, և Բաբիշն էլ շաբաթավերջին կզրկվի վարչապետությունից։
Եվ վերջապես Ալիևների մասին։ Միայն մեկ բավական արտառոց փաստ «Պանդորայի արխիվից»։ Պարզվում է, որ Ադրբեջանի նախագահի որդին Մեծ Բրիտանիայում 17 հատ անշարժ գույք ունի, այդ թվում՝ գրասենյակների համար նախատեսված շենք հենց Լոնդոնի կենտրոնում, գինը՝ 33 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Իսկ գիտե՞ք, թե Հեյդարը քանի տարեկանից ունի այս ամենը` ընդամենը 11։ Նախագահի ընտանիքին պատկանող ընկերությունը, որը ստեղծվել է 2009 թվականին, գնել է այդ գույքը բրիտանական մայրաքաղաքի ամենաէլիտար թաղամասում և մեկ ամիս անց վերաձևակերպել փոքրիկ Հեյդարի անունով։
Ավելին, ինչպես փաստում է «Ռոսբալտ» գործակալությունը, Իլհամ Ալիևի բարեկամներն ու հարազատները Մեծ Բրիտանիայում այնքան տներ են գնել, որ դրանք բնակեցնելով կարելի է մի փոքրիկ քաղաք հիմնել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ադրբեջանական քաղաք Անգլիայում։ Ակամա սկսում ես հավատալ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը մի առիթով խոստովանել էր, թե Ալիևը պատկառելի գումար է առաջարկել Արցախի դիմաց։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Եթե ունակ ես մի քանի տասնյակ միլիոն ծախսել դպրոցական տղայիդ համար Լոնդոնի կենտրոնում ադրբեջանական քաղաք հիմնելու նպատակով, մի քանի միլիարդը Ղարաբաղի դիմաց ի՞նչ է որ։