ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը ՀՀ քաղաքացիներին հասանելի կլինի հոկտեմբերի 8-ից: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այսօր բաշխման գործընթացը սկսվել է: Վաղվանից պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները կունենան»,- ասաց նա:
Ավանեսյանը նշեց, որ քանի որ Հայաստան է բերվել «Մոդեռնա»-ի պատվաստանյութի ընդհանուր 50 000 դեղաչափ։ Այն նախատեսված է 25 000 քաղաքացու համար:
«Ով որ կստանա առաջին դեղաչափը, նա կունենա երկրորդ դեղաչափի հնարավորություն»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ պատվաստանյութը Հայաստանին է փոխանցել Լիտվայի հանրապետությունը՝ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակներում:
Պատվաստանյութի փոխանցման արարողությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ի երեկոյան՝ Վիլնյուսի օդանավակայանում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում էր Հայաստան: