Մինչև տարեվերջ Հայաստանում 3 ընտրություն կանցկացվի

Որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն ընդհանուր 79 համայնքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին գրավոր ընթացակարգով ընդունած երեք որոշումներով հաստատել է ՏԻՄ մարմինների ընտրությունների՝ ԿԸՀ-ի կողմից նախապես հայտարարված օրերը: Այսպիսով, Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրությունները կիրականացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով ընդունված որոշմանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն ընդհանուր 79 համայնքներ:
Ժամկետը լրացավ. ովքե՞ր են ցանկանում մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին
«Ներառյալ՝ Երևանը, Գյումրին և 5 համայնքներ, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված և միավորման որևէ գործընթացի մեջ չեն ընդգրկվել»,- ասաց Սանոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ խոշորացված համայնքներում առաջին անգամ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով:
«Ինչը նշանակում է, որ ընտրողներն ընտրություն են կատարելու քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակներով, որտեղ առաջին համարը տրամաբանորեն քաղղաքապետի թեկնածուն է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս համայնքներում չհաղթած քաղաքական ուժերը ներկայացված կլինեն ավագանու կազմում:
Արտաշատում թեժ ընտրություն է սպասվում. «խաղի» մեջ է նաև Հովիկ Աբրահամյանը
Բացառություն են կազմելու Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքները, որտեղ ընտրողների թիվը փոքր է: Բանն այն է, որ համամասնական ընտրակարգին անցումը կատարվելու է այն համայնքներում, որտեղ ընտրողների թիվը գերազանցում է 4000-ը:
Այս հիմնավորմամբ Արևուտում ու Մեծաձորում ընտրողները կքվեարկեն մեծամասնական ընտրակարգով, ինչպես նախկինում: