ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ քաղաքացիներ Բ. Բ-ի և Դ. Ա-ի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքը։
Պարզվել է, որ նրանք այդ նպատակով ստեղծել են կազմակերպված խումբ, կատարել են դերերի բաշխում, վարձել են համակարգչային մասնագետ և Facebook սոցիալական ցանցում տեղադրել գովազդ այն մասին, որ «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունեցողներին շտապ կարգով՝ ընդամենը 10 րոպեում, առանց երաշխավորի, առանց վարկային պատմության տրամադրում է մինչև 4 միլիոն ՀՀ դրամ վարկ:
Այս կերպ նրանք տասնյակ անձանց ուղղորդել են մուտք գործել «ajakic.com» կայք, լրացնել վարկ ստանալու առցանց հայտ, ապա հեռախոսով կապ են հաստատել նրանց հետ` ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից, և առաջիկա 20 րոպեների ընթացքում վարկը ստանալու համար հայտատուներից պահանջել են 094-60-58-68, 077-13-73-62 բջջային հեռախոսահամարներով «Թել Սել» վճարահաշվարկային համակարգում բացված հաշիվներին փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար:
Նախաքննական մարմնի հաշվարկով`2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին այս կերպ նրանց հաջողվել է տասնյակ մարդկանցից հափշտակել շուրջ 3.939.800 ՀՀ դրամ:
Հանցավոր խմբի անդամներ Բ. Բ-ն և Դ. Ա-ն ձերբակալվել են, նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:
ԱԱԾ–ում շարունակվում է գործի քննությունը, աշխատանքներ են տարվում հանցավոր համագործակցության դրսևորման բոլոր հնարավոր եղանակները, առանձին դրվագները, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: