ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ակնկալում է ռուսական կողմի աջակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գործարանների վերագործարկման, նորարարական տեխնոլոգիաներով վերազինման և մի շարք այլ հարցերում: Խաչատուրյանը նման կարծիք է հայտնել ՀՀ–ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԲՏԱ նախարարությունը` նշելով, որ Խաչատուրյանն ընդունել է Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը։
«Անդրադառնալով Հայաստանի տնտեսությունը նորագույն տեխնոլոգիաներով վերազինելու անհրաժեշտությանը՝ նախարարը կարևորել է ռուսական ընկերությունների, գիտական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կոպիրկինն իր հերթին արդյունավետ է գնահատել երկու երկրների միջև շարունակական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադառնալով World Expo-2030 համաշխարհային ցուցահանդեսը Մոսկվայում անցկացնելու` Ռուսաստանի կողմից ներկայացրած հայտին՝ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը, իբրև ռազմավարական գործընկեր, իր մասնակցությունն ու աջակցությունը կցուցաբերի ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին էլ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էր ընդունել Կոպիրկինին։