Ռուսաստանը դեմ է սադրիչ զորավարժություններին․ Լավրովը` Հարավային Կովկասի մասին

Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ Մոսկվան անցյալ տարի վճռորոշ դեր խաղաց Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը դեմ է Հարավային Կովկասում ռազմական ակտիվության ավելացմանը։ Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովին խնդրել են մեկնաբանել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի վերջին զորավարժությունները ադրբեջանական տարածքում, այդ թվում՝ Կասպից ծովում:
«Ռուսաստանը դեմ է ռազմական ակտիվության ավելացմանը, ինչպես նաև սադրիչ բնույթի զորավարժություններին»,- նշել է ռուս նախարարը:
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Կովկասում «3+3» ձևաչափի հարցը
Նա հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է վճռորոշ դեր խաղացել մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման և եռակողմ հայտարարության ստորագրման գործում: Նրա խոսքով` հայտարարության մեջ կան կարգավորման առաջխաղացման հետագա քայլերը որոշող սկզբունքներ` ներառյալ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքը: Նա համոզված է, որ դրանից կշահեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։
Ինչ վերաբերում է Կասպից ծովում օտարերկրյա ռազմական ներկայությանը, ապա, նախարարի խոսքով, Մոսկվան բազմիցս ընդգծել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի արագ ուժի մեջ մտնելու անհրաժեշտությունը: Փաստաթուղթն արգելում է տարածաշրջանում ոչ կասպիական պետությունների ցանկացած ռազմական ներկայություն։ Լավրովի խոսքով` կոնվենցիան ուժի մեջ կմտնի վավերացվելուց հետո: Այժմ այն քննարկվում է Իրանի խորհրդարանում։ Նա հույս ունի, որ կոնվենցիան շուտով կվավերացվի և կդառնա լիարժեք միջազգային փաստաթուղթ։
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունները