Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները բանակցություններ են սկսել Մոսկվայում

Իրանցի նախարարը հայտարարել է, որ Մոսկվայի հետ երկխոսությունը Թեհրանի համար գերակա ուղղություն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կքննարկեն երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ: Բացելով հանդիպումը՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներում ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում։
Նրա խոսքով ՝ համագործակցության նոր վեկտորը կդառնա Իրանի միացումը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) ՝ որպես լիիրավ անդամ: Այս գործընթացի մեկնարկի մասին համապատասխան որոշումն ընդունվել է վերջերս Դուշանբեում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում:

«Այսօրվա բանակցությունների առաջնային հարցը կլինի իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը՝ առանց որևէ բացառության և լրացումների։ Ուզում ենք քննարկել, թե ինչպես կարելի է արագացնել այդ գործընթացը»:

Սերգեյ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար
Աբդոլլահիանն իր հերթին հայտարարել է, որ Թեհրանի և Մոսկվայի երկխոսությունը մտնում է Իսլամական Հանրապետության նոր կառավարության քաղաքականության առաջնահերթությունների մեջ:
Նախարարը իրանա-ռուսական հարաբերություններն անվանել է «սերտ և արտոնյալ»՝ հավելելով, որ այդ մասին են վկայում նախագահների կանոնավոր շփումները, ինչպես նաև իր այցը Մոսկվա:
Թուրքիան պատասխանում է Իրանին Հայաստանի սահմանի մոտ անցկացվող զորավարժություններով
Իրանի ԱԳ նախարարի խոսքով ՝ ռուս գործընկերների հետ ներկայիս բանակցությունները շատ լավ հնարավորություն են ընձեռում անցնելու տարածաշրջանային օրակարգին։
«Ես նկատի ունեմ Հարավային Կովկասը, Աֆղանստանը, ինչպես նաև Եմենը», - հավելել է նա:
Ավելի վաղ Իրանի նախարարը նշել էր, որ Թեհրանը ռուսական կողմից «արձագանք է ակնկալում Հարավային Կովկասում սիոնիստների և ահաբեկիչների ներկայության» հարցի վերաբերյալ: