ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իտալացի գործընկերոջ՝ Սերջո Մատարելլայի հետ Հռոմում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով` ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար:
«Մենք գնահատում ենք այս հարցում Իտալիայի հավասարակշռված դիրքորոշումը»,- ավելացրեց ՀՀ նախագահը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց Իտալիայի խորհրդարանին վերջերս ընդունած բանաձևի համար, որում իտալացի օրենսդիրները Ադրբեջանից պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և պահվող անձանց: Բացի այդ, նա կարևորեց իտալացի փորձագետների աշխատանքը՝ ուղղված հայերի պատմամշակութային ժառանգության պահպանմանը ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:
«Սերջիո Մատարելլայի հետ բանակցություններն արդյունավետ էին և արտացոլում էին հայ-իտալական երկխոսության բարձր մակարդակը։ Ի թիվս այլ հարցերի, անդրադարձանք նաև առևտրատնտեսական հարաբերություններին։ Հուսով եմ, որ տնտեսական կապերը կհասցնենք քաղաքական երկխոսության մակարդակի»,-ընդգծեց Սարգսյանը։
Նշենք, որ ՀՀ նախագահը Հռոմ է մեկնել հոկտեմբերի 5-ին, սակայն այցի պաշտոնական մասը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին։ Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի առանձնազրույցը:
Նախատեսված են հանդիպումներ Սենատի ղեկավար Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի ղեկավար Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ: