ՀԱԷԿ–ի վերազինումն ավարտվել է. հայտնի է վերագործարկման նախնական ժամկետը

Ատոմակայանի ռեակտորի վերագործարկմամբ Հայաստանը մտադիր է ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացնել ևս 10 տարով` մինչև 2036թ.–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Մեծամորի հայկական ատոմային կայանի վերազինման աշխատանքներն ավարտվել են, բայց այն առայժմ հայաստանյան էներգետիկ համակարգին չի միացվել։ Այս մասին Sputnik Արենիային հայտնեց ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, տնօրեն Մովսես Վարդանյանը։

«Պատճառն այն է, որ լրացուցիչ ստուգումներ ենք անցկացնում։ Այս տարվա աշխատանքի ծավալն այնքան շատ էր, որ մենք հիմա ուղղակի ինքներս ստուգումներ ենք անցկացնում, որպեսզի մինչ միացումը լիարժեք վստահ լինենք»,– ասաց նա։

Վարդանյանը նաև հայտնեց, որ կայանի վերագործարկումը նախանշված է հոկտեմբերի 10-ին։ Բայց, նրա դիտարկմամբ, կարևորը ոչ թե ամսաթիվն է, այլ ստուգումների արդյունքները։
Հիշեցնենք` 2015-16 թվականներին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ ու ռուսական վարկով Հայաստանը զգալի աշխատանք է կատարել ՀԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգման ուղղությամբ: Ծրագրի վերջին փուլի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են հայկական կողմի միջոցներով։
Որակը նույնն է, գինը` ցածր. Հայաստանի ատոմակայանը տնտեսում է պետական միջոցները
Ռեակտորի վերագործարկմամբ Հայաստանը մտադիր է ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացնել ևս 10 տարով` մինչև 2036թ–ը։
Նշենք, որ կայանի երկրորդ էներգաբլոկը գործարկվել է 1980 թվականին։ 2026 թվականին կլրանա դրա շահագործման 40 տարին, քանի որ 6 տարի՝ 1989-95 թվականներին, այն չի գործել:
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի