Հիփոթեքային վարկին ուղղվող եկամտահարկի վերադարձի համակարգը չեղարկելուց հետո Երևանում կկրճատվեն շինարարության ծավալներն ու տեմպերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
«Այդուհանդերձ խնդիրը պետք է դիտարկել երկուստեք։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունն ունի ընդգծված սոցիալական նպատակ, որի իրականացմանը զուգահեռ ծրագրից օգտվում են նրանք, ովքեր նաև բիզնես նպատակներ են հետապնդում։ Այդ նպատակներով կատարվող գործարքների կրճատման համար փորձ է արվում սահմանափակում մտցնել և գործընթացն ուղղորդել դեպի մարզեր` այնտեղ ակտիվացնելով կառուցապատման աշխատանքները»,– նշեց տնտեսագետը։
Քթոյանը հիշեցրեց, որ վերջերս կառավարությունը նախաձեռնել էր սոցիալական բնակապահովության նոր ռազմավարության մշակում, և հիմա փորձ է արվելու կյանքի կոչել այդ ռազմավարությունը`խոցելի խմբերի համար լուծելով բնակարանային հարցը։
«Այո, Երևանում կա զգալի պահանջարկ, և կան ցածր եկամտով խոցելի խմբեր, որոնք բնակարանի խիստ կարիք ունեն, ուստի կառավարության ծրագիրը հնարավորություն է տալիս բնակապահովության հարց լուծել, բայց Երևանի համար սահմանափակումն այդ ընտանիքներին կկանգնեցնի լուրջ խնդիրների առջև։ Պարզապես պետք է լիահույս լինել, որ առաջարկվող այլընտրանքը հնարավորինս շուտ կսկսի կյանքի կոչվել, և մարզերում պահանջարկը կբավարարվի»,– ասաց տնտեսագետը։
Քթոյանի դիտարկմամբ` երևանցիներից շատերը մարզ չեն գնալու, և նրանց համար մայրաքաղաքում բնակապահովության խնդիրը որոշ ժամանակով առկախվելու է, բայցևայանպես կառավարությունը գնում է դիվերսիֆիկացման ճանապարհով, որպեսզի մարզերում խթանի բնակարանաշինարարության գործընթացը և խնդիրը լուծի այնտեղ բնակվող խոցելի խմբերի համար։
Տնտեսագետը կարծում է, որ կարելի էր տարբերակներ մտածել սոցիալական բաղադրիչն ուժեղացնելու և բիզնես բաղադրիչը կրճատելու համար, օրինակ` կարելի էր սահմանափակումը տարածել միայն Երևանի կենտրոնի վրա` ազատ թողնելով արվարձանները կամ բնակչության որոշ խմբերի համար պահպանել մայրաքաղաքում կառուցապատում իրականացնելու իրավունքը` սահմանելով անշարժ գույքի առավելագույն շեմ։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը վերանայում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը, որը Երևանում աստիճանաբար կսահմանափակվի և կհանվի: ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն հաստատվել է ԱԺ–ում։
Հիշեցնենք, որ համակարգը ներդրվել է 2014-ի նոյեմբերի 1-ից: Անցած տարիներին համակարգի կիրառության շրջանակները շահառուների և վերադարձվող եկամտային հարկի գումարների առումով պրոգրեսիվորեն են աճել: Համակարգի ներդրման սկզբնական տարիներին շահառուների թիվն ավելանում էր 800-1000-ով, իսկ 2017-2018-ին այդ աճը կազմել է շուրջ 2000, այնուհետև՝ մինչև 5000 և ավել շահառու: Ըստ այդմ՝ նաև վերադարձվող եկամտային հարկի գումարներն են պրոգրեսիվ աճել: