ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Այս գիշեր` ժամը 00:35-ին, Արտաշատ-Արարատ հատվածում, չթույլատրված գծանցումում բեռնատար գնացքին է բախվել երկաթուղային գծերի վրա հայտնված «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Ըստ հաղորդագրության` վթարի հետևանքով տուժածներ չկան:
Մեքենայի վարորդի՝ Այգևան գյուղի բնակչի խոսքով` մեքենան արգելափակվել է ուղիղ գծերի վրա, երբ նա փորձել է հատել չարտոնված վայրում:
Վարորդը չի կարողացել մեքենան միայնակ դուրս բերել գծերից և օգնության է գնացել, այդ ժամանակ ծանր բեռնատար գնացքն անցել է երկաթուղու այդ հատվածով:
Շարժակազմը բախվել է ավտոմեքենային և մոտ 250 մետր քարշ տվել այն, ինչի պատճառով փոխադրամիջոցը վերածվել է մետաղի ջարդոնի:
Ընկերությանը պատճառված վնասը կհաշվարկվի ավելի ուշ: Այս բախման ելքն ավելի ողբերգական կլիներ, եթե բեռնատար գնացքի փոխարեն լիներ ավելի թեթև ուղևորատար էլեկտրագնացք:
ՀԿԵ–ն հիշեցնում է` քաղաքացիների կողմից կամայականորեն կառուցված չարտոնված երկաթուղային գծանցումները հանդիսանում են գնացքների երթևեկության անվտանգության, քաղաքացիների կյանքի և առողջության սպառնալիքների կայուն աղբյուր: Հարավկովկասյան երկաթուղին ՀՀ ոստիկանության հետ համատեղ մշտապես աշխատանքներ է տանում դրանց ապամոնտաժման ուղղությամբ, սակայն բախվում է տեղի բնակիչների հակազդեցությանը:
Այժմ ընկերության հիմնական ուղղություններում առկա է 23 չարտոնված գծանցում: Միայն 2021 թվականին ընկերությունն ապամոնտաժել է երեք նման անցում, սակայն բնակիչները կրկին կառուցել են դրանք։ Ընկերությունը մտադիր է շարունակել համագործակցությունը իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Ընթացիկ տարում սա չթույլատրված գծանցումներում գրանցված վթարների արդեն 8-րդ դեպքն է: