ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Վոլոդինը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն է կատարվել: Նա վերահաստատել է ՌԴ Պետական դումայի նոր գումարման պատգամավորների` հայ գործընկերների հետ սերտ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՌԴ Պետական դումայի նախագահին և ռուս ժողովրդին Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:
Սիմոնյանը հավաստիացրել է Հայաստանի Ազգային ժողովի շահագրգռվածությունը` անկեղծ կառուցողական երկխոսության և փոխգործակցության միջոցով նպաստելու հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա խորացմանը:
Նա հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևորագույն օղակներից է համարել` փաստելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև գործընկերային հարաբերությունները կայուն զարգանում են և ունեն հստակ ուղենշային առաջնահերթություններ:
Կողմերի միջև հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության մի շարք ուղղություններով, մասնավորապես` միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակում:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ավարտվել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և այլ միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունների ձևավորման աշխատանքները:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության և երկարատև խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի: Գործընկերներն անդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի համատեղ միջոցառումների անցկացմանը:
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: