Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է գալիս, ինչպես խոստացել էր ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա այսօր Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ձյունն այնքան է եկել, որ հասցրել է նաև որոշ չափով ծածկել ճանապարհները։
«Հանրապետության լեռնային առանձին բնակավայրերում տեղում է առաջին ձյունը»,–տեսանյութին կից գրել է Սուրենյանը և հավելել, որ կադրերն արվել են Ճամբարակում։
Ֆեյսբուքյան օգտատերերից շատերը զարմացել են, իսկ ոմանք էլ իրենց բնակավայրում տեղացած ձյան լուսանկարները հրապարակել Սուրենյանի գրառման տակ։
«Մենակ ձյունն էր պակաս», «Կոմպոտները բացելու եղանակ է», «Ձմեռ պապից ի՞նչ կա»,– գրել են նրանք։
Հիշեցնենք` երեկ Սուրենյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռու, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին և 6-ին կնվազի 8-10 աստիճանով։