ՌԱԴԻՈ

Կա՛մ գաղտնի ինչ-որ բաներ կան, կա՛մ իշխանությունն ասելիք չունի Գորիս–Կապան ճանապարհի մասին

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Գորիս–Կապան ճանապարհահատվածում տիրող իրավիճակին ու այդ մասին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համատեղ հայտարարությանը։
Sputnik
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, որ Գորիս–Կապան ճանապարհի Որոտանի հատվածում առկա իրավիճակի վերաբերյալ կա՛մ գաղտնի ինչ–որ բաներ կան, որոնց մասին իշխանական թևը չի ուզում բարձրաձայնել, կա՛մ էլ ասելու բան չունի։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի եթերում։
Նրա տեղեկացմամբ` ՀՀ քաղաքացիների առևանգումից հետո Գորիս–Կապան ճանապարհահատվածում երթևեկության կարգը փոխվել է, թեև հայտնի չէ` ինչ պայմանավորվածությունների շնորհիվ։ Հիմա երթևեկությունն այդ հատվածում իրականացվում է ժամը մեկ, երբ որոշակի քանակությամբ մեքենաներ են կուտակվում, գալիս են ռուս սահմանապահներն ու ուղեկցում երթևեկողներին։
Գորիս-Կապան ճանապարհը պետք է աշխատի առանց ընդհատումների․ Իրանի դեսպանատուն
Գրիգորյանը դա անընդունելի է համարում, որովհետև եղանակային պայմանները գնալով վատանում են` անհարմարություններ ստեղծելով հատկապես երեխաների ու տարեցների համար։
Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել ԱԺ անվտանգության ու պաշտպանության մշտական հանձնաժողովի շրջանակում նիստ հրավիրելու առաջարկությամբ` հաշվի առնելով այն իրավիճակը, որն առաջացել է երկրի սահմաններին, սակայն այդ նիստը նույնպես չկայացա։ Ամբողջ խնդիրը, ըստ Գրիգորյանի, այն է, որ Հայաստանի առջև ծառացած անվտանգային հարցերի ու ռիսկերի առկայության պարագայում չեն կարող քննարկվել այլ բնույթի հարցեր կամ օրենքներում կատարվելիք փոփոխություններ։
«Իշխանական թևից նիստի տապալման առթիվ որևէ հիմնավորում չեն տալիս, և տպավորություն է, որ ընդդիմադիր պատգամավորները խոսել են Ալեն Սիմոնյան անհատի, այլ ոչ թե ԱԺ ղեկավարի հետ։ Թեև վերջինս կապվել էր բոլոր գերատեսչությունների ղեկավարների հետ, ովքեր խոստացել էին ներկայանալ նիստին, բայց հետո պատասխանել են, թե այդ հարցերի շուրջ խոսելը դուրս է իրենց լիազորություններից»,– նշեց ԱԺ պատգամավորը։
Շուռնուխցու ձիերն ադրբեջանցիների մոտ են հայտնվել. վերջին հույսը ռուս սահմանապահներն են
Ըստ Գրիգորյանի` մյուս անհանգստությունն այն է, որ այժմ ադրբեջանական կողմն այդ հատվածում իրականացնում է լայնածավալ շինաշխատանքներ, և խոսքը միայն բենզալցակայանի մասին չէ։ Հայտնի էլ չէ, թե վերջնարդյունքում ադրբեջանցիներն ինչ են կառուցելու Որոտանի այդ հատվածում։ Նախկինում էլ նույն կերպ այդտեղ հայտնվեցին ոստիկանական ու մաքսային անցակետեր` իրենց հետ բերելով անվտանգային մի շարք խնդիրներ, այդ թվում լրջագույն խոչընդոտներ իրանական բեռնափոխադրումների համար։

Պատգամավորի կարծիքով` իր գործընկերները և հանրությունը պետք է տիրապետեն համարժեք տեղեկատվության, որպեսզի կարողանան դիմագրավել մարտահրավերներին ու ռիսկերին։ Ըստ նրա` սա քմահաճույքի հարց չէ, որովհետև ընտրողներն ամեն օր զանգահարում են պատգամավորներին, հարցեր ուղղում` ցանկանալով իմանալ, թե ի վերջո ինչ է կատարվում այդ ճանապարհահատվածում և ինչ վտանգեների են իրենք բախվելու այդտեղով երթևեկելիս։ Իշխանությունն ավելի մեծ ճնշման դեպքում գուցե պարզաբանումներ կտա Գորիս–Կապանի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է, որ միջպետական Գորիս–Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն և բացատրություն ստանալու նպատակով նախաձեռնած արտահերթ նիստը չի կայացել, իշխանական պատգամավորները տապալել են այն` չներկայանալով նիստին։
Հայտարարության մեջ ասված է նաև, որ նույն կերպ ԱԺ ղեկավարությունը խուսափեց ԱԺ նիստում ցանկացած ձևաչափով նույն հարցը քննարկելու ընդդիմության նախաձեռնությունն իրականացնելուց։