ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Իրանական պատվիրակությունը ժամանել է Երևան՝ քննարկելու Իրանի մասնակցությունը Հայաստանում տարանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը։
Ըստ հաղորդագրության` պատվիրակությունը գլխավորում է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Հեյրոլլա Հադեմին։
Նրանք Երևան են ժամանել «Տաթև» կոչվող տարանցիկ ճանապարհի կառուցմանը մասնակցելու համար։
Հիշեցնենք` վերջին 1 ամսում Ադրբեջանի Հանրապետությունը խիստ կանոններ է սահմանել իրանական բեռնատարների համար, որոնք հատում են հայ-իրանական սահմանը՝ գալով դեպի Հայաստան։ Ադրբեջանական կողմը բեռնատարների վարորդներից նաև գումար է պահանջում։
Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանը հայտնել էր, որ առաջիկա շաբաթներին մեծ ակտիվություն կլինի 2 երկրի հարաբերություններում։
ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Տաթևից մինչև Սյունիքի մարզի Աղվանի գյուղ 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածն ամբողջովին պատրաստ ու ասֆալտապատված կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Այս ճանապարհը կապելու է Սյունիքի` 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքները Կապանին ու Մ–2` մինչև Իրանի սահման հասնող միջպետական ճանապարհին։ Սյունիքի այլընտանքային ամբողջ` 79 կմ–անոց ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 9.5 մլրդ դրամ։
Մինչև ձմեռ կկատարվեն գրունտային աշխատանքները, գարնանը` ձնհալից հետո, ճանապարհը կասֆալտապատվի։