Ինչո՞ւ է Երևանում դադարեցվում հիփոթեքին ուղղվող եկամտահարկի վերադարձի նախագիծը

Շինարարություն
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պատգամավորներին ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի մանրամասները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Երևանում հիփոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը չի կատարում այն սոցիալական դերը, որի համար նախատեսված էր։ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների նախագիծը։
2014 թվականի նոյեմբերի 1-ից քաղաքացիները, որոնք հիփոթեքով բնակարան են գնում առաջնային շուկայից (բնակարաններ նորակառույցներում կամ նոր մասնավոր տներում), եկամտահարկը հետ են ստանում հիփոթեքի տոկոսադրույքի չափով։ 2018 թվականից Հարկային օրենսգրքում սահմանվեց հարկային վերադարձի (առավելագույնը 1,5 մլն դրամ կամ ամսական 3 հազար դոլար) ու բնակարանի արժեքի շեմ (առավելագույնը՝ 55 մլն դրամ, այսինքն՝ մոտ 110 հազար դոլար):
Կներդրվի հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի ավտոմատացված համակարգ
Կառավարության ներկայացրած նախագծով, որը հավանության էր արժանացել ԱԺ–ի` օգոստոսի 12-ին կայացած նիստում, նախատեսվում է փոփոխություն կատարել «Հարկային օրենսգրքում» և եկամտային հարկի վերադարձի կասեցում իրականացնել 4 փուլով. Երևան քաղաքի առաջին գոտում` 2022 թվականի հուլիսի 1-ից, երկրորդ գոտում` 2023 թվականի հունվարի 1-ից, երրորդ գոտում` 2023 թվականի հուլիսի 1-ից, Երևան քաղաքի այլ գոտիներում` 2025 թվականի հունվարի 1-ից։
Սահմանափակումներն առայժմ վերաբերում են բացառապես մայրաքաղաքին։ Երևանից դուրս եկամտահարկի վերադարձման կարգավորումը դեռ կշարունակի գործել։ Այս փոփոխությունը չի տարածվի մինչև 2022թ.–ը ստացված շինարարական թույլտվությունների վրա։
«Եկամտահարկի վերադարձը շինարարական «պարարտանյութ» է. ինչու չի կարելի այն չեղարկել
Խորհրդարանում ելույթի ժամանակ Պողոսյանը պարզաբանեց այդ որոշման պատճառները։ Նրա խոսքով՝ կառուցապատողները ծրագրեր են սկսել գրեթե միայն Երևանում, հնարավորության դեպքում՝ կենտրոնում, մարզերն ամբողջությամբ անտեսվել են։ Օրենքի գործողության ընթացքում Երևանին բաժին է ընկել բնակարանաշինության 93 տոկոսը, մարզերին՝ ընդամենը 7 տոկոսը, այն էլ հիմնականում դրանք մասնավոր տներ են առողջարանային քաղաքներում (Ծաղկաձորում ու Դիլիջանում)։
Ինչպե՞ս պահպանել խոշորագույն արտահանումը դեպի ԱՄՆ. բացատրում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը
Բացի այդ, փոխնախարարը նշեց, որ օրենքի կիրառման ընթացքում ամենաբարձր եկամուտ ունեցողների 3%-ին բաժին է ընկել վերադարձի ամբողջ գումարի 18%-ը, այսինքն՝ ունևոր քաղաքացիներն անհամաչափ շատ են ստանում, ինչը հակասում է պետության սոցիալական քաղաքականությանը:
Մյուս կողմից՝ պետությունն այդ ծրագրի վրա բավականին մեծ գումար է ծախսում։ Առաջին տարիներին ծրագրին ամեն տարի միանում էր 800-1000 մարդ, 2017–ին ՝ արդեն երկու հազար, իսկ 2018-20 թվականներին՝ հինգ և ավելի հազար։ Այդ իսկ պատճառով, եթե մեկ-երկու տարում պետության ծախսերը կազմել են տարեկան մոտ մեկ միլիարդ դրամ, ապա 2020-ին՝ արդեն 13,3 միլիարդ, իսկ 2021–ին, ամենայն հավանականությամբ, կլինի 20 միլիարդ դրամ (40 միլիոն դոլարից մի փոքր շատ)։ Մասամբ դա տեղի է ունենում այն պատճառով, որ վարկառուն շահագրգռված չէ ցածր տոկոսներ փնտրելու, իսկ բանկերը` դրանք նվազեցնելու հարցում։ Երկու կողմն էլ գիտի, որ ամեն ինչի համար պետությունն է վճարում։
Նաև հաստատված չէ, որ Հայաստանում շինարարական ոլորտը (կամ հիփոթեքային վարկավորումը) զարգացել է բացառապես եկամտահարկի վերադարձի հաշվին։ Անցած 6 տարիների ընթացքում եկամտահարկի վերադարձով հիփոթեքային վարկերի մասնաբաժինը կազմել է 41%՝ վարկերի թվով, 47%՝ ընդհանուր արժեքով։

«Այդ պատճառով հիմա ուզում ենք հասցեական միջոցներ առաջարկել սոցիալական բնակարանաշինության համար», - ասաց Պողոսյանը:

Նման քննարկումներ են ընթանում «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի» հետ։
Ըստ այդ սխեմայի՝ բնակարանային ֆոնդը թարմացնելու համար կառուցապատողներին ուզում են առաջարկել քանդել վթարային բարձրահարկ շենքերը, դրանց տեղում կառուցել նոր, ավելի մեծ հարկայնությամբ շենքեր, այնտեղ անվճար վերաբնակեցնել նախկին բնակիչներին, իսկ մնացած բնակարանները` վաճառել։