ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հունական «Մակեդոնիկոս» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Նիկոս Ցունամիսին սեփական մեքենայում մահացած են գտել։ Տեղեկությունը հայտնում է SDNA-ն։
31-ամյա պաշտպանի ավտոմեքենան հայտնաբերվել է նավամատույցի մոտ։ Ցունամիսը երեկվանից անհետ կորած էր համարվում։
Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ նրա մահը վրա է հասել խեղդվելու հետևանքով։
Ավելի վաղ ֆուտբոլիստն ընկերոջը հայտնել էր ֆինանսական խնդիրների մասին` հավելելով, որ ցանկանում է ինքնասպան լինել:
Հունական «Մակեդոնիկոսը» վերջին ակումբն էր, որտեղ հանդես էր գալիս պաշտպանը։ Նա այնտեղ էր տեղափոխվել շուրջ մեկ տարի առաջ։
Ցունամիսը մինչ այդ հանդես է եկել «Արիս», «Քսանթի», «Պանտրակիկոս» և այլ ֆուտբոլային ակումբներում։