ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Իտալիա: Այս մասին Հռոմից տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Հռոմի օդանավակայանում Հայաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Իտալիայի՝ խորհրդարանի հետ հարաբերությունների նախարար Ֆեդերիկո Դ՛Ինկան։
Տեղեկացնենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Հայաստանի նախագահը պետական այցով ժամանել է Իտալիա
© Sputnik / Aram Nersesyan
Նախագահ Սարգսյանի պետական այցի հանդիպումների օրակարգը մեկնարկելու է հոկտեմբերի 6-ին։ Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Քուիրինալի պալատում, նախատեսված է նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: Այցի շրջանակում ծրագրված է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումն Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ:
Հայաստանի նախագահը պետական այցով ժամանել է Իտալիա
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետի հետ:
Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի նաև Հռոմի Լևոնյան վարժարանում, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերը նույնպես նախագահ Սարգսյանի պետական այցի օրակարգում են: Հռոմի Լա Սապիենցա համալսարանում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայագիտություն ամբիոնի վերաբացման արարողությունը, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա Բոլոնիայի համալսարանում:
Հայաստանի նախագահը պետական այցով ժամանել է Իտալիա
© Sputnik / Aram Nersesyan
Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, կբացվի մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա: