Գարեգին Երկրորդը, Պոլսի Հայոց պատրիարքն ու Արման Թաթոյանը մեկնել են Հռոմ

Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր մեկնել է Իտալիա ` Հռոմ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Գարեգին Երկրորդը մասնակցելու է Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Դադիվանքի պահպանության համար
Համաժողովին Նորին Սրբությունը հանդես կգա բանախոսությամբ, նաև կքարոզի միջեկեղեցական աղոթքի արարողությանը։

Այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։

Նորին Սրբության պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Քարոզչական կենտրոնի և Մայր Աթոռում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ Համուդին
Համաժողովին և միջեկեղեցական աղոթքին իր մասնակցությունը կբերի նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։