ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Աշնանային ամիսներին Հայաստան այցելողների թվով կշարունակի առաջատար մնալ Ռուսաստանը։ Sputnik Արմենիային հայտնեցին Զբոսաշրջության կոմիտեից՝ մեկնաբանելով ամառային շրջանում զբոսաշրջային ակտիվության արդյունքները։
OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության տվյալներով՝ Հայաստանն ընդգրկվել է այն երկրների եռյակում, ուր ամենից հաճախ են պատրաստվում այցելել Ռուսաստանի քաղաքացիները հոկտեմբերին: Մեր երկիրը երրորդ տեղում է Թուրքիայից և Ուզբեկստանից հետո։
Ի դեպ, չնայած COVID-19-ի հետ կապված իրավիճակին` Հայաստանում հունիս-օգոստոս ամիսներին զբոսաշրջային ակտիվությունը բավականին մեծ է եղել։
Հունվարից ի վեր Հայաստան է այցելել 488 558 մարդ, որոնցից 313 396-ը՝ ամռանը։ Ամառային շրջանում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում Ռուսաստանն է՝ 119 417 մարդ, երկրորդ տեղում` Իրանը՝ 36 239, Վրաստանը 19 311 այցելուով երրորդ տեղում է, չորրորդում ԱՄՆ-ն է՝ 15 109։ Նրանց հաջորդում են Հնդկաստանից և Ուկրաինայից ժամանած այցելուները։
«Սպասվում է, որ աշնանային շրջանում իրավիճակը չի փոխվի, և ամենաշատ այցելուները կլինեն հենց հնգյակում ընդգրկված երկրներից»,- հայտնեցին կոմիտեից։
Իրավիճակը դրական է գնահատում նաև Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ սահմանափակումներն ու ընթացիկ իրադարձությունները հաշվի առնելով՝ Հայաստանը զբոսաշրջային այցելությունների թվով բավականին լավ ցուցանիշ է գրանցել։
Ինչ վերաբերում է ռուսաստանցիների համար առավել մեծ ժողովրդականություն վայելող ուղղությունների եռյակին, Ապրեսյանը նշեց, որ Հայաստանը դրան հասել է իր կատարած աշխատանքի շնորհիվ: «Հայաստանը Ռուսաստանի համար միշտ եղել է հաճելի, ցանկալի և գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Մինչ օրս էլ երկիրն իր հյուրընկալությամբ, խոհանոցով, բնությամբ գրավում է յուրաքանչյուրին, ով գոնե մեկ անգամ գալիս է մեզ մոտ»,-ասաց Ապրեսյանը։
Նրա կարծիքով՝ ոչ մի զարմանալի բան չկա, որ Թուրքիան և Ուզբեկստանը ռուսաստանցիների համար առաջատար ուղղություններն են։
Այդ երկրները գովազդային լուրջ արշավ են իրականացնում, որի վրա հսկայական ռեսուրսներ են ծախսում։ Դրանց ֆոնին Հայաստանի ծախսերը փոքր են։ Բայց եղած միջոցների սահմաններում էլ երկրի առաջխաղացման համար մեծ աշխատանք է տարվում։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2020 թ․-ի հունվար-սեպտեմբերին, 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 75,5 տոկոսով: Այս տարի Հայաստան է այցելել 488 558 մարդ։ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2020 թ․-ի հունվար-հոկտեմբերին աշխարհում զբոսաշրջության ոլորտում անկումը կազմել է 72 տոկոս: