Արթուր Ղազինյանը 6-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյան
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քվեարկությունից առաջ լքեցին նիստերի դահլիճը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի– Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիրը» հերթական անգամ չհաստատեց ընդդիմության թեկնածու Արթուր Ղազինյանի թեկնածությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։

«Այսուհետ մեզ համար այս օրակարգը սպառված է։ Իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը ենթարկվել իր պահանջներին, փոխել թեկնածուին, և ընդդիմությունը` «Հայաստան» խմբակցությունը, այս պաշտոնը կամավոր չի զիջելու իշխանությանը»,– քվեարկությունից առաջ ասաց Ղազինյանը։

Նա նաև հայտարարեց, որ վիճակագրություն է կազմել` նախորդ 6 նիստերում հնչել է իրեն ուղղված 18 հարց, 18 պատասխան, 18 արձագանք, ինչն իր համոզմամբ` բավական էր թեկնածուի հարցում կողմնորոշվելու համար։
«Հարցաքննություն այստեղ չի լինելու»,– հայտարարեց Ղազինյանը, որից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները լքեցին հանձնաժողովի նիստերի դահլիճը։
Հանձնաժողովը 0 կողմ, 5 դեմ ձայներով արդեն 6-րդ անգամ մերժեց Ղազինյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել նաև օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 6-ին, 13-ին, 22-ին ու 28-ին։
Նշենք, որ այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է ընդդիմությանը։