Գեներալիտետի և քաղաքական ղեկավարության հարաբերությունները ոչ միշտ են հարթ։ Գեներալները, փակ հանդիպումների ընթացքում պետությունների ղեկավարների մոտ ըմբռնում չգտնելով, սկսել են ավելի ու ավելի հաճախ հրապարակավ (ինչն ընդհանուր առմամբ բնորոշ չէ բանակի պես պահպանողական կառույցին) հանդես գալ իշխանությունների քննադատությամբ՝ փորձելով իշխանավորներին հետ պահել անխոհեմ քայլերից։ Օրինակները բազմաթիվ են։
Թուրքիա
Վերցնենք հենց թեկուզ Թուրքիան, որտեղ ռազմական վերնախավը բավականին հաճախ հավանություն չէր տալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումներին: Մասնավորապես Սիրիա ներխուժելու հարցերում զգուշացնում էր երկրի համար բացասական հետևանքների մասին: Նախագահը հաշվի չառավ զինվորականների կարծիքը, ինչը 2016թ.-ին հանգեցրեց նրան պաշտոնանկ անելու փորձին:
Հեղաշրջումը, ճիշտ է, ձախողվեց, Էրդողանն իր աթոռին մնաց, իսկ բանակում զանգվածային զտումներ սկսվեցին։ Եվ գլխավոր հարվածը հասցվեց սպայական բարձրագույն կազմին։ Հենց այդ ժամանակ էր, որ գնդապետներից շատերի կոչումը միանգամից բարձրացավ, ու նրանք գեներալ դարձան։
Բայց նույնիսկ հիմա Թուրքիայի ռազմական վերնախավը չի հրաժարվում հավակնոտ Էրդողանին խելքի բերելու փորձերից։ Այս տարի ավելի քան հարյուր պաշտոնաթող ծովակալներ բաց նամակով դիմեցին նախագահին՝ կրկին զգուշացնելով վտանգի մասին, այս անգամ՝ Մոնտրեի կոնվենցիայի գործողությունը վտանգող «Ստամբուլ» ջրանցքի կառուցման նախագծի առնչությամբ։ Սակայն Էրդողանը, որին առայժմ հաջողվում է առաջ տանել թուրքական շահերը, կրկին անտեսեց ռազմական վերնախավի դիրքորոշումը։ Թե այս ամենը ինչով կավարտվի նրա համար, դեռ հարց է։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Թուրքիան դեռ ոչինչ: Զինվորականների և քաղաքական գործիչների միջև սկանդալները չեն շրջանցել նույնիսկ Միացյալ Նահանգները։ Բոլորովին վերջերս ամերիկացի լրագրողները մամուլին փոխանցեցին մի հետաքննության արդյունքներ, ըստ որի` ԱՄՆ ռազմական ղեկավարությունը, շրջանցելով այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփին, փորձել է համոզել չինացիներին, որ ոչ ոք չի պատրաստվում միջուկային պատերազմ սանձազերծել նրանց դեմ։
Պարզվեց՝ բանը հասել է նրան, որ Շտաբների պետերի Միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին անձամբ զանգահարել Է Պեկին և ակնարկել, որ եթե նույնիսկ Թրամփը հրաման տա, մեկ է` միջուկային ճամպրուկի վերահսկողությունը զինվորականներն են իրականացնում, իսկ նրանք հաստատ թույլ չեն տա պատերազմ սկսել։ Թրամփն ինքը շտապեց հերքել ՉԺՀ-ի դեմ պատերազմելու ցանկության մասին բոլոր մեղադրանքները, սակայն նկատեց, որ նույնիսկ եթե այդ ամենը ճիշտ է, ապա Միլին ընդամենը պետական դավաճան է, որը պատրաստվում էր հակառակորդին նախազգուշացնել ԱՄՆ-ի հարձակման մասին:
Ի դեպ, զինվորականները տհաճություններ պատճառեցին նաև ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին: Մայիսին 124 պաշտոնաթող գեներալներից և ծովակալներից բաղկացած խումբը դիմում ստորագրեց՝ կասկածի տակ դնելով նախագահական ընտրությունների լեգիտիմությունը և քննադատելով Բայդենի առողջական վիճակը: Վերլուծաբաններն անմիջապես հայտարարեցին, որ նամակը խոսում է ամերիկյան ռազմաքաղաքական վերնախավի խորը պառակտման մասին։
Ֆրանսիա
Ֆրանսիայի ռազմական վերնախավը նույնպես դժգոհ է իր ղեկավարության քաղաքական ուղղվածությունից։ Պաշտոնաթող գեներալները դեռ գարնանը նամակ էին հղել նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայտարարելով, որ իսլամիստները սկսել են իրենց կարգուկանոնը հաստատել Ֆրանսիայի տարբեր մասերում, և որ փաստացի ռասայական պատերազմ է ընթանում, որը կարող է ոչնչացնել երկիրը: Պաշտոնաթող գեներալներին աջակցում էին նաև գործող զինվորականները՝ բացեիբաց հանդես գալով նրանց կողմից։
Ֆրանսիայի զինված ուժերում խոստացան պատժել նրանց, ովքեր ստորագրել են այդ նամակը, բայց հետո կարծես թե ականջալուր եղան նրանց։ Անցած շաբաթ Փարիզը որոշեց խստացնել վիզաների ստացման պահանջները Մարոկկոյի, Ալժիրի և Թունիսի քաղաքացիների համար: Որոշումն ընդունվեց այն պատճառով, որ այդ երկրների իշխանությունները հետ չեն ընդունում իրենց ապօրինի գաղթյալներին։ Դրանից հետո Ֆրանսիայի դեսպանին հրավիրեցին Ալժիրի ԱԳՆ, իսկ Փարիզում Ալժիրի դիվանագիտական առաքելության ղեկավարին հետ կանչեցին խորհրդակցությունների համար։
Հայաստան
Եվ ահա ի վերջո հասանք Հայաստանին, որն այս օրինակների շարքում, ցավոք, բացառություն չդարձավ։ Անցյալ տարվա վերջից Հայաստանի ռազմական ղեկավարությունը բազմաթիվ անգամ խիստ քննադատության ենթարկվեց պատերազմում պարտվելու համար, և նոյեմբերի վերջին այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ստիպված եղավ հրաժարական տալ: Իսկ արդեն 2021թ.-ի փետրվարին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հայտարարությունը, ինչպես հիշում եք, ստորագրել էին ոչ միայն ԶՈւ գլխավոր շտաբի այն ժամանակվա ղեկավար Օնիկ Գասպարյանը, այլև նրա տեղակալները, բոլոր խոշոր զորամիավորումների վարչությունների ղեկավարներն ու հրամանատարները՝ ընդհանուր առմամբ ավելի քան 40 մարդ։ Գեներալները հայտարարել էին, որ վարչապետն ի վիճակի չէ համարժեք որոշումներ կայացնել ճգնաժամի պայմաններում։
Ի՞նչ արեց Փաշինյանն ի պատասխան: Տեղնուտեղը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին, իր կողմնակիցներին կոչ արեց փողոց դուրս գալ և հեռացրեց ԶՈւ ԳՇ պետին:
Սակայն ոչ մի ռազմական հեղաշրջում էլ չեղավ: Գեներալներն այլ հայտարարություններ չարեցին (թե ինչը կանգնեցրեց նրանց՝ երկրում իրավիճակի հետագա զարգացման հետ կապված սեփական մտավախությունները, թե առավել ծանրակշիռ ուժերի աջակցության բացակայությունը, արդեն այլ հարց է), ընդդիմությունը բավականին ուշացավ, բողոքները խեղդվեցին-կորան, և… ամեն ինչ դարձավ ի շրջանս յուր:
Արդեն ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ (ճիշտ է՝ ոչ այնքան նոր, ոչ էլ բավականաչափ լավ մոռացված հին) Արտակ Դավթյանին ներկայացնելիս Փաշինյանը հաշտության փորձ արեց: ԳՇ ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա հավատացրեց, որ «այդ իրադարձություններն իր մեջ որևէ հետք չեն թողել», և որ ինքը չի հետապնդի նրանց, ովքեր ստորագրել են իր հրաժարականի պահանջով դիմումը: Բայց գեներալներին խնդրեց այսուհետ քաղաքական չեզոքություն պահպանել։
Հաջորդեցին արտահերթ ընտրությունները, և թվում էր, թե վարչապետի ու գեներալիտետի միջև հակասությունները հարթվեցին։
Եվ ահա եկավ 2021թ.-ի աշունը: Ի՞նչ ունենք այսօր: ՀՀ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվել է։ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը (որը Դավթյանի նշանակումից առաջ կատարում էր ԳՇ պետի պարտականությունները)` նույնպես։ Երկուսն էլ անցնում են խոտանված ռազմամթերքի քրեական գործով։
Հատկանշական է, որ ձերբակալությունները սկսվեցին այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ չի բացառում` ընդդիմությունը վերսկսի փողոցային պայքարը։ Տոնոյանի և Գալստյանի ձերբակալությունից անմիջապես հետո Հայաստանի նախկին նախագահներ, իսկ հիմա ընդդիմության առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խորհրդակցություններ անցկացրին իրենց համախոհների հետ՝ նրանց հետ քննարկելով քաղաքական պայքարի հետագա ռազմավարությունը:
Այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ներքաղաքական ճգնաժամի լուծման չբերեցին (ինչպես և կանխատեսում էր նախագահ Արմեն Սարգսյանը), բոլորի համար ակնհայտ է։ Այս ֆոնին Տոնոյանի և Գալստյանի ձերբակալությունը հարցեր է առաջացնում։
Ի՞նչ է թաքնված դրա հետևում: Ռազմական շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքա՞ր: Չի բացառվում: Չէ՞ որ, ինչպես ասում էր «Ավազակային Պետերբուրգ» սիրված սերիալի հերոս Անտիբիոտիկը, «գեներալը, ախր, պաշտոն չէ, այլ երջանկություն»:
Թե՞ այնուամենայնիվ քաղաքական պայքարն է ստիպում վարչապետին կրկին հարվածներ հասցնել գեներալներին՝ նպատակ ունենալով նրանց վրա բարդել Արցախում կրած պարտության ողջ պատասխանատվությունը...