ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի, Sputnik. Այս տարվա դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լիտվական կողմը կիրականացնի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողություններ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենը, հայտնում են ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Նիկոլ Փաշինյանը և տիկին Չիմիլիտե-Նիելսենն ընդգծել են միջխորհդարանական կապերի կարևորությունը, որոնք կարող են նպաստել երկու երկրի միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ փորձի փոխանակմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել Սեյմասի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ծանոթացել այնտեղ բացված հայ-լիտվական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի լիտվական մամուլում հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հրապարակումների ցուցահանդեսում ներկայացված նյութերին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Լիտվա է մեկնել երեկ` հոկտեմբերի 3–ին։ Նա հանդիպում է ունեցել Լիտվայի հայ համայնքի, ինչպես նաև վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի ու նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։