ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երևի նկատել եք, որ ՀՀ իշխանությունները խուսափում են խոսել Արցախի մասին, չեն խոսում կարգավորման տարբերակների մասին` ընդհանրապես, լվանում են ձեռքերն Արցախից, բոլոր հարցերը` կապված Արցախի հետ շատ հանգիստ հասցեագրում են ռուսական կողմին»,– ասաց Քոչարյանը։
Նրա դիտարկմամբ` որոշ ժամանակ անց ՀՀ հանրությունը ևս Արցախի հետ կապված բոլոր հարցերը կսկսի կապել Ռուսաստանի հետ ու հնարավոր բոլոր բացասական զարգացումները ևս կվերագրի ռուսական կողմին։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: