Հայաստանի ակտիվացումը նոր հնարավորություններ կտա և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին. Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հետպատերազմական շրջանի իրողություններին և այդ համատեքստում ռուս–թուրքական հարաբերություններին։
Sputnik

Ռուս–թուրքական հարաբերություններում խաղի կանոնները փոխվել են, և նոր ոճը կիրառվում է նաև Հայաստանի ու Արցախի պարագայում։ Այդ հարաբերությունները խորքային իմաստով հակադիր են, ինչն ապացուցում է ամբողջ պատմությունը, հետևաբար տարածաշրջանային գործընթացներում Հայաստանը նույնպես պետք է խաղա, ինչը նոր հնարավորություններ կտա և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին, Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Ռուսական արտաքին քաղաքական ու դիվանագիտական ոճը մի փոքր փոխվել է, բայց շատ հաճախ վերլուծություններն արվում են` հենվելով հին ոճի վրա, մինչդեռ հիմա Ռուսաստանը կիրառում է փափուկ ուժի գործելակերպ և գործընթացները կտրուկ մեթոդներով տանում է իրեն ձեռնտու հուն։ Սոչիում կայացած Պուտին–Էրդողան վերջին հանդիպումն ընդհանրապես նրանց հանդիպումների մեջ ամենաչլուսաբանվածն ու ամենաչբացահայտվածն է, բայց ակնհայտ է, որ նրանց խոսակցության հիմնական թեմաներից մեկն առնչվել է Լեռնային Ղարաբաղին»,– նշեց թուրքագետը։

Նրա խոսքով` նույնիսկ պետության կողմից վերահսկվող մամուլի միջոցով արտահոսք դեռևս չկա, և դա խոսում է այն մասին, որ քննարկվող հարցերի պատասխանները չեն ստացել սպառիչ պատասխաններ կամ էլ ունեն շարունակման տրամաբանություն, ինչի համար մոտ ապագայում նոր հանդիպման կարիք կլինի
Մելքոնյանի կարծիքով` ակնհայտ է, որ կա ռուս–իրանական դաշինք, սակայն Հայաստանը հիմա տարօրինակ կերպով այդ ծիրում չէ, այլ այնտեղ, ուր հեռանկարը խիստ մշուշոտ է ու արկածախնդրային, որից հերթական անգամ տուժելու է հայ ժողովուրդը։ Ըստ թուրքագետի` ՌԴ–ի համար իրավիճակը հասել է այնպիսի գծերի, որից այն կողմ նահանջ չի կարող լինել, քանի որ արդեն շոշափվում են կենսական շահեր։