ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, հանդիպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Փաշինյանն անդրադարձել է հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին` ասելով, որ դրանք լուծել են երկրի ներքաղաքական ճգնաժամը:
«Սովորաբար ընտրությունները մեր երկրում հարուցել են ներքաղաքական ճգնաժամեր, և թերևս ամենաաղմկոտ ներքաղաքական խնդիրները մեր երկրի պատմության ընթացքում ծագել են ընտրություններին հաջորդող շրջանում: Սա առաջին դեպքն է, երբ ընտրությունները դարձել են ճգնաժամի հաղթահարման գործիք, այլ ոչ թե առիթ», – ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ իր թիմը լսել է` ինչ է մտածում ՀՀ քաղաքացին իր երկրի ապագայի մասին, և կառավարությունն ըստ այդմ ձևակերպել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշարջան բացելու անհրաժեշտությունը։ Վարչապետն ավելացրել է, որ դա արժանանում է նաև քննադատության, ինչը հասկանալի է:
«Որովհետև ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մեծ հաշվով կասկածի տակ են դնում այն, թե ինչքանով է հնարավոր խաղաղությունը մեր տարածաշրջանում կամ պատեհ այն իրավիճակին, որ ունենք մեր տարածաշրջանում՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Բայց մեր դիրքորոշումը հստակ է, որ ի հեճուկս բոլոր այն հանգամանքների, որոնք կասկածի տակ են դնում խաղաղության օրակարգի մրցունակությունը, մենք հետևողականորեն պիտի առաջ շարժվենք այդ ճանապարհով: Մենք կարծում ենք, որ պետք է որդեգրել փոքր քայլերի քաղաքականություն չշտապելով սահմանել անհաղթահարելի նշաձողեր»,– ասել է Փաշինյանը։
Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է փորձագետների հարցերին, որոնք վերաբերել են Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և մի շարք այլ թեմաների: