Բժիշկ Բադալյանի ախտորոշումը․ «Եվ ոչ ոք չի բողոքում խելքի պակասից»

Լևոն Բադալյան
Պատերազմի սարսափները տեսած բազմաթիվ հայ երեխաներ մասնագետների օգնության կարիք ունեն։ Այդպիսի բժիշկ-պրոֆեսիոնալներ այսօր մեզ շատ են պետք։ Sputnik Արմենիայի թղթակիցը հիշում է Լևոն Բադալյանին, որը լրջագույն դեր է խաղացել ԽՍՀՄ-ում մանկական նյարդաբանության զարգացման գործում։
Sputnik
Մանկական հոգեբուժության բաժանմունքի բացումը «Ավան» մասնագիտացված կենտրոնում տագնապալի ահազանգ է, որն ազդարարում է երեխաների հոգեկան առողջության հետ կապված ոչ բարվոք վիճակի մասին: Բաժանմունքում, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով, 12 մահճակալ կա։ Մի երկրի համար, որտեղ մեծահասակներից շատերն ապրում են մշտական սթրեսի մեջ, որն այսպես թե այնպես փոխանցվում է երեխաներին, դա ակնհայտորեն բավարար չէ:
Սրա հետ համաձայնելու համար հոգեբույժ լինել պետք չէ․ բավական է շփվել բարեկեցիկ Եվրոպայում ապրող ցանկացած երեխայի հետ, այնուհետև նայել պատերազմող Արցախից կամ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերից որևէ տղայի աչքերին, և դուք կտեսնեք տարբերությունը։
«Ես այդպիսի զգացողություն չունեմ, որ մեզ մոտ «ամենալավը երեխաներին են տալիս»,-ինչ-որ առիթով ասել է հայտնի մանկաբույժ Լեոնիդ Ռոշալ։ Ճիշտ է` նա Հայաստանի մասին չէր խոսում։
Հյութ խմեք՝ առանց դիմակները հանելու, կամ ինչպես կորոնավիրուսը խոցելի դարձրեց ԱՄՆ-ին
Բայց մի՞թե այն, ինչ տեսնում, լսում ու ստանում են մերօրյա Հայաստանի երեխաները, լավագույնն է։
Պատերազմը վերապրած, ծնողներին, քույրերին ու եղբայրներին կորցրած երեխաներին սթրեսից դուրս բերելու համար նաև լավագույն բժիշկներն են պետք, որոնք մեր երկրում հավանաբար կան։ Չեն կարող չլինել, հենց թեկուզ այն պատճառով, որ խորհրդային մանկական նյարդաբանության հիմնադիրը Լևոն Հովհաննեսի Բադալյանն է եղել։
Լևոն Բադալյան
Կարճ՝ նրա մասին։ Ծնվել է Երևանում, այստեղ էլ ավարտել է բժշկական ինստիտուտը, երեք տարի եղել է Ջերմուկի առողջարանի գլխավոր բժիշկը, ապա հանկարծակի թեքվել է մեկ այլ «դաշտ»՝ հոգեբուժություն։ 1964թ․-ից արդեն Մոսկվայի գլխավոր նյարդաբանն էր, ԽՍՀՄ–ում մանկական նյարդաբանության առաջին ամբիոնի հիմնադիրն ու ղեկավարը։
Այն տարիների ընթացիկ վիճակը պատկերացնելու համար․ նեյրոգենետիկայով զբաղվելու և այն առաջ մղելու համար խելոք գլուխ ունենալը քիչ էր, պետք էր նաև քաջություն ունենալ։
Գիտության այդ ոլորտում հեղինակություն էր հռչակվել և երկար ժամանակ իշխում էր Տրոֆիմ Դենիսովիչ Լիսենկոն՝ Ստալինի, ապա նաև Խրուշչովի սիրելին:
Հասկանալու համար, թե որքան սիրելին, մի մեջբերում անենք Խրուշչովի և ԽՍՀՄ այն ժամանակվա Գիտությունների ակադեմիայի նախագահ Մստիսլավ Կելդիշի զրույցից․ «Եթե հարձակվելու եք Լիսենկոյի վրա, ես կցրեմ ձեր ամբողջ ձրիակերների ակադեմիան»։
Եվ հանկարծ որտեղից որտեղ (Երևանից, ինչպես արդեն գիտենք), այն էլ՝ «փչացած» կենսագրությամբ, Հյուսիս աքսորված և այնտեղ մահացած հոր պարագայում, ոմն անհասկանալի Բադալյան ցիտոգենետիկ լաբորատորիա է կազմակերպում Երեխաների և դեռահասների հոգեկան առողջության կենտրոնում։
«Հայաստանի օդն ինձ ուժ տվեց...», կամ ինչպես անանուն շամպայնը ապշեցրեց անվանի հյուրին
Ընթերցողին վերելքի մանրամասներով չհոգնեցնելու համար անմիջապես թվենք նվաճված բարձունքները` Մանկական նյարդաբանների Եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ, «Աշխարհի առողջությունը» ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի Ն.Ի.Պիրոգովի անվան երկրորդ բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնի վարիչ (35 տարի անընդմեջ), երկրի բժշկական բուհերում բժշկական գենետիկայի դասավանդման նախաձեռնող:
...Բադալյանը հաճախ էր լինում Երևանում․ հրավիրում էին գիտական կոնֆերանսներում, միջազգային գիտաժողովներում ելույթ ունենալու։ Գալիս էր, ինչպես ասում են, հենց այնպես՝ հարազատների ու հին ընկերների հետ շփվելու։ Ձեռքից ձեռք էին խլում, մի օր իմ բախտն էլ բերեց։
Լևոն Բադալյան
Եկել էր եղբոր՝ Գուրգենի հետ, որը նույնպես բժիշկ էր, միայն թե սրտաբան, գիտությունների դոկտոր Հայաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Լևոնը լավ տրամադրություն ուներ, հետաքրքիր բաներ էր պատմում։ Որոշ բաներ մտապահել եմ։
ԽՍՀՄ-ի տարածքը «պերեստրոյկայից« առաջ արդեն սկսել էին նվաճել հոգեթերապևտներ Կաշպիրովսկին ու Չումակը, վրացուհի հեքիմ Ջուման գրավում էր մարդկանց սրտերն ու երևակայությունը։ Այդ մասին ևս զրուցեցինք։
«Այսօրվա բժիշկը,- նկատեց իմ հյուրը,-ձանձրալի-գործնական մարդ է, ոգեշնչումից ու խորհրդավորությունից զուրկ։ Այդ պատճառով էլ այդքան մեծ է մարդկանց ձգտումը զանազան հեքիմների հանդեպ։ Հեքիմը միշտ հրաշք է, գաղտնիք։ Դրանից, ճիշտ է, չի բխում, որ բժիշկը պետք է ամենազորի դիմակ հագնի և շահարկի մարդկանց հույսերը»։
Սա Երևանն է, այստեղ ես տանն եմ․ «Ապագա կա՞» հարցին պատասխանում են անցյալի մարդիկ
Դարձյալ բժիշկների մասին, միայն թե այլ թեմայով․ «Բժիշկները հաճախ են բողոքում սարքավորումների բացակայությունից, բայց ոչ մեկը չի բողոքում խելքի բացակայությունից»։ Արդիական է ոչ միայն առողջապահության ենթատեքստում։
Մեկ այլ մեջբերում նրանից․ «Թերևս արդարացի է այն պնդումը, որ ամեն մարդ հավատում է մահվանը, բայց ոչ սեփական մահին»։
Նա անթույլատրելիորեն վաղ մահացավ (ներկայիս չափանիշներով)՝ 65 տարեկանում, հուղարկավորեցին Մոսկվայի հայկական գերեզմանատանը։
Սիրում էր արվեստը, ընկերություն էր անում Անդրել Վոզնեսենսկու, Բերնարդո Բերտոլուչիի, Յուրի Լյուբիմովի, Միքայել Թարիվերդիևի հետ։ Նրա մասին գրեթե յուրաքանչյուր գրքում, հոդվածում, հուշերում նշվում է․ «Շատ գեղեցիկ մարդ էր»։ Ինչ ճիշտ է՝ ճիշտ է։

Վերջաբան

․․․Ծննդատուն` հին երևանցիների մտքին անմիջապես Մարգարյանն է գալիս, ակնաբուժություն՝ Ավետիսովներ, Օկոև, Մալայան, ուռուցքաբանություն՝ Ֆանարջյան, սրտաբանություն՝ Միքայելյան․․․ Անուններն արդեն ամեն ինչ ասում են, բացատրելու կարիք չկա։
Այնպես է ստացվել, որ Լևոն Բադալյանը հաջողության է հասել և հայտնի է դարձել Մոսկվայում։ Մինչդեռ «Ավան» մասնագիտացված կենտրոնը, որում վերջերս մանկական հոգեբուժության բաժանմունք է բացվել, մինչև օրս անանուն է մնում։
Ինչպես Խաչատուր Սուքիասյանը փականագործ չդարձավ, Օնասիսն էլ` մատուցող