ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր` հոկտեմբերի 4-ին, աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, ինչին կհաջորդի նախարարների՝ մամուլի համար համատեղ հայտարարություն։
Իրանական պետական ԻՌՆԱ գործակալության տվյալներով` Հայաստանի արտգործնախարարի Իրան կատարելիք այցի օրակարգում են երկկողմ բանակցություններն ու խորհրդակցությունները տարածաշրջանային ամենակարևոր հարցերի շուրջ:
Հիշեցնենք` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30–ին ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Իրանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրներում ձևավորված նոր կառավարությունները լրացուցիչ կարևոր ազդակ կհաղորդեն հայ-իրանական հարաբերություններին: