Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Աղվան Հովսեփյանի փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց կալանքը վերացնելու` Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ նման որոշում կայացրեց դատավոր Սևակ Համբարձումյանը։

«Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասին ծանոթ չենք և միայն ծանոթանալուց հետո գնահատական կտանք։ Չնայած դրան, բնականաբար, վճռաբեկ բողոք կներկայացնենք Հովսեփյանին գրավով ազատ արձակելու մասին»,–ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով` Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Աղվան Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):