ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հրադադարի ռեժիմի մշտական բնույթ կրող խախտումները, ռազմագերիների վերադարձի խնդիրը, եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանությունը շարունակում է սրել տարածաշրջանում իրավիճակը։ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը։ Շիմոնտեի հետ զրույցում նրան տեղեկացրել եմ, որ ԼՂ հակամարտության վերջնական և կայուն կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և սկզբունքներով»,–ասաց Փաշինյանը։
Նա վերահաստատեց, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և տալ ականապատ տարածքների քարտեզները, սակայն Ալիևն էլ իր հերթին ՀՀ գերիներին պետք է իր հետ բերի։ Փաշինյանը նշեց, որ խոսքն, ի դեպ, ոչ միայն այն գերիների մասին է, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլ նաև այն քաղաքացիների, որոնք հայկական կողմի տեղեկություններով գտնում են գերեվարման մեջ։
Նրա խոսքով` ՀՀ կառավարության ռազմավարական նպատակն է տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացել։
Փաշինյանը նշեց` այս նպատակին պետք է հասնել երկխոսության և թշնամանքի մթնոլորտի հաղթահարման միջոցով, և Հայաստանը վճռական է` անցնելու այս ճանապարհը։ ՀՀ վարչապետը հավելեց, որ հեշտ չէ խաղաղության օրակարգը կյանքի կոչել, սակայն խաղաղությունն այլընտրանք չունի։
Փաշինյանն, ի դեպ, իր լիտվացի գործընկերոջը հրավիրեց Հայաստան։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Լիտվա է մեկնել երեկ` հոհտեմբերի 3–ին։
Տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետը կրկին անդրադարձել էր Ալիևի հետ հանդիպմանն ու գերիների վերադարձին։
Նա, մասնավորապես, ընդգծել էր, որ դեռ հուլիսին է ասել` պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։