2021 թվականի օգոստոսին կիպրոսցի մարզիչ Պամբոս Քրիստոդուլուն իր համար նոր մարտահրավեր մշակեց. նա որոշեց տեղափոխվել Հայաստան ու իր գործունեությունը շարունակել մեր երկրում։
Երկու ամիս գլխավորելով Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Սևան» ակումբը`Քրիստոդուլուն իր պաշտոնական առաջին հարցազրույցը տվեց Sputnik Արմենիային և խոսեց անցյալի ու ապագայի մասին։
Պամբոս Քրիստոդուլուն Sputnik Արմենիայի հյուրն է
© Sputnik / Andranik Ghazaryan
-Պարոն Քրիստոդուլու, Դուք Հայաստանում արդեն անցկացրել եք 6 հանդիպում։ Ինչպե՞ս որոշեցիք գալ Հայաստան, և ինչպես Ձեզ այստեղ ընդունեցին։
-Մինչև Հայաստան ժամանելը ես զրույց ունեցա «Սևան» ակումբի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ և հասկացա, որ մենք նույն պատկերացումն ունենք ֆուտբոլի մասին, նույն գաղափարախոսությունը։ Ուզում են զարգացում ապահովել «Սևան» ՖԱ-ի համար, որ մրցաշարային աղյուսակում ինչքան հնարավոր է բարձր տեղ զբաղեցնենք։ Երկու անգամ եմ եղել Հայաստանում։ Շատ ընդհանրություններ եմ տեսնում իմ հայրենիքի՝ Կիպրոսի և Հայաստանի միջև։ Եվ դա այնքան էլ չի վերաբերում ֆուտբոլին։
Երկու ազգերն էլ իրար շատ նման են բնավորությամբ, հոգեկերտվածքով։ Միակ տարբերությունը, որը նկատել եմ, դա ֆուտբոլային հանդիպումների ժամանակ երկրպագուների սակավաթիվ լինելն է։ Բայց Պրեմիեր լիգան շատ հետաքրքիր պայքարում է անցնում, և լինում են նաև խաղեր, երբ համեմատաբար «փոքր» ակումբները միավորներ են խլում ավելի ուժեղ թիմերից։
-Ժամանակին Դուք գլխավորել եք Կիպրոսի ազգային հավաքականը, ձեր գլխավորած թիմերը հանդես են եկել Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի մրցումներում։ Հիմա Հայաստան՝ «Սևան», միգուցե սա նո՞ր մարտահրավեր է ձեր համար։
-Կիպրոսում իրոք հաջողություններ ունեցել եմ ազգային հավաքականը երկու տարի գլխավորելու ժամանակ, բացի այդ ԱԵԼ Լիմասոլnն իմ օրոք է հասել իր պատմության մեջ ամենամեծ հաջողություններին։ Բայց միշտ էլ ցանկություն եմ ունեցել արտասահմանում մարզչական աշխատանք ծավալելու։ Ու երբ զրուցեցի Տիգրան Հակոբյանի հետ և զգացի, որ կա երկկողմանի վստահություն, որոշեցի գալ։ Հաճելի էր նաև այն փաստը, որ մինչև իմ գալն էլ «Սևանը» լավ էր հանդես գալիս։ Իսկի հիմա ես ցանկանում եմ միայն շարունակել ու կրկնապատկել այդ հաջողությունները։
-Նշեցիք, որ «փոքր» ակումբները կարողանում են միավորներ խլել ավելի ուժեղ թիմերից։ Հիմա «Սևանը» ո՞ր ակումբների թվին պետք է դասել։
-Իմ մոտեցումը այսպես է` մենք քայլ առ քայլ պետք է հասնենք մեր նպատակին։ Առանց շտապելու։ Շատ լավ է, որ դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները։ Ակումբի ամբողջ անձնակազմն էլ է դա գիտակցում ու շարունակում աշխատել։ Մեզ համար առաջնայինը ժամանակն է, որի կպահանջվի հետագա առաջխաղացման համար։ Եվ եթե մենք այդ ժամանակը օգտագործենք ռացիոնալ ու ճիշտ օգտագործենք մեր հնարավորությունները, ապա կարծում եմ` շատ հնարավոր է, որ երկու տարի անց «Սևանը» դասվի արդեն ուժեղ ակումբների թվին։
-Ձեր` «Սևան» գալուց հետո թիմը Պրեմիեր լիգայում անցկացրել է վեց հանդիպում։ Երեքում հաղթել է, երեք անգամ ոչ-ոքի խաղացել ու վեց խաղերում էլ թիմը անառիկ է պահել սեփական դարպասը։ Բացի այդ Դուք արդեն մեկ անգամ եղել եք ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդ։ Սա արդեն կարծես թե հաջողություն է, իսկ դուք ինչպե՞ս եք այս ամենին վերաբերվում։
-Այս հաջողությունները ես պայմանավորում եմ իմ ֆուտբոլիստներով ու իրենց ցուցադրած խաղով, ինչի համար շնորհակալ եմ նրանց։ Մեր ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են, բայց իսկական պրոֆեսիոնալ դառնալու համար դեռ աշխատել է հարկավոր։ Խաղից-խաղ ես զգում եմ ֆուտբոլիստների նվիրվածությունը, որոնց նպատակն է հաղթել։ Եվ դա միավորում է ինձ թիմի հետ։
-Ձեր մարզչական կարիերայի ընթացքում եղել են բազմաթիվ օրինակներ, երբ Դուք համալրել եք թիմը երիտասարդ ֆուտբոլիստներով, որոնք հետագայում բավականին բարձր տրանսֆերային արժեքով տեղափոխվել են այլ ակումբներ։ «Սևանում» էլ նման նպատակներ ունեք։
-Այո Կիպրոսում եղել է դեպք, երբ ես հաջողության եմ հասել ունենալով աֆրիկացի 22 ֆուտբոլիստ։ Եվ կան բազմաթիվ օրինակներ, երբ իմ ֆուտբոլիստները տեղափոխվել են ավելի բարձրակարգ թիմեր։ Չեմ բացառում դա իհարկե «Սևանի» դեպքում։ Բայց ինչպես արդեն ասեցի, մեզ շատ աշխատել է պետք էլ ավելի պրոֆեսիոնալ դառնալու համար։ Եվ իհարկե, եթե դա մեզ հաջողվի, ապա ակումբը գումար կվաստակի ու կկարողանա ներդնել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար։
Պամբոս Քրիստոդուլուն
© Sputnik / Andranik Ghazaryan
Հարցազրույցի վերջում Պամբոս Քրիստոդուլուն նշեց, որ շատ սիրել և սիրում է Հայաստանը։ Կիպրոսցի մարզիչը հույս հայտնեց, որ հաջորդ հարցազրույցի ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել ավելի տպավորիչ հաջողությունների մասին։
Միևնույն ժամանակ Քրիստոդուլուն հաջողություն ցանկացավ Հայաստանի ազգային հավաքականին, որը հոկտեմբերի 8-ին և 11-ին աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական երկու հանդիպում է անցկացնելու Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների հետ։ Քրիստոդուլուն համոզված էր, որ հավաքականի լավ արդյունքները դրական կանդրադառնան հայկական բոլոր ակումբների վրա։