ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե մտածեն միայն իշխանափոխության մասին, այլ ոչ թե իշխանության գալու։ Օրերս կայացած ՀՀԿ համաժողովին` հարցուպատասխանի ժամանակ է Սարգսյանը խոսել այդ մասին, տեղեկանում ենք երրորդ նախագահի գրասենյակի կայքից։
«Մեր պայքարը պետք է լինի ոչ թե մարդկանց մեր կողմը գրավելու համար, այլ ինչքան շուտ և ինչպես ենք կարողանում սրան հեռացնել։ Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերն իրենց առջև միայն մեկ նպատակ դնեն` իշխանափոխություն, այլ ոչ թե իրենք գան իշխանության»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չի մտածել. միգուցե սա ոգևորիչ չէ մեր երիտասարդ կուսակցականների համար, սակայն մեր երկրի շահը սրանից է բխում` մենք դրա մասին չպետք է մտածենք։
Սարգսյանի խոսքով` շատ ուրախ կլինի, եթե այս ընտրություններին ՀՀԿ–ի ստացած տոկոսը 2 անգամ էլ քիչ լիներ, բայց այլ ընդդիմադիրներ ավելի շատ ձայն հավաքեին և այսօր չունենայինք նման կառավարություն։
Անդրադառնալով սահմանին ստեղծված իրավիճակին` Սարգսյանը նշեց, թե չի կարծում, որ հաջորդ պատերազմի հավանականությունը մեծ է, հատկապես տեսանելի ապագայում։ Սակայն այն, ինչ այսօր է կատարվում, ըստ Սարգսյանի, բոլորովին էլ խաղաղության նման չէ։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ՀՀ–ում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան։ Ըստ ԿԸՀ–ի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։