ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. «Ոսկե ծիրան» ամենամյա 18-րդ փառատոնի բացմանը երկու անվանի կինոռեժիսորներ մրցանակներ ստացան։ Կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը կինոփառատոնի գլխավոր` «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնեց այս տարվա հայտնի հյուրերի ցանկը գլխավորող լեգենդար սցենարիստ, կինոռեժիսոր Փոլ Շրեդերին։
Խաչատրյանը նշեց` միայն կարևորագույն մարդիկ են այս մրցանակին արժանանում։
Փոլ Շրեդերը
© Sputnik / Aram Nersesyan
Փոլ Շրեդերին էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց և ասաց` իր համար պատիվ է ստանալ այս մրցանակը։
Մրցանակը հանձնելուց հետո Խաչատրյանը նշեց, որ հուզված և զարմացած է, որ այսքան դժվարություններից հետո կարողացան կյանքի կոչել «Ոսկե ծիրանը»։ «Ուզում եմ շնորհավորել բոլորին և ասել, որ եկել է նոր սերունդ, որը չի վախենում դժվարություններից և ստեղծում է արվեստ և փառատոն»,–ասաց կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը։
Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ նշեց, որ երկար ժամանակ էին փնտրում կինոփառատոնի բացման ֆիլմը։
Կարեն Ավետիսյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Փնտրում էինք ֆիլմ, որն իր մեջ կներառեր երկու կարևոր հանգամանք` անսահման սեր կինոյի հանդեպ և դրա հետ մեկտեղ կպարունակեր հետպատերազմյան նյարդը։ Ի վերջո, իսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմն ընտրեցինք»,–ասաց Ավետիսյանը։
Նա փառատոնի «Վարպետ» մրցանակը շնորհեց Լապիդին, որն էլ հավելեց, թե իր համար անակնկալ էր և կրկնակի հաճելի էր մրցանակ ստանալ Փոլ Շրեդերից հետո։
Նադավ Լապիդը
© Sputnik / Aram Nersesyan
«Ես հաճախ եմ անդրադառնում հետպատերազմական իրավիճակին իմ ֆիլմերում։ Սակայն հուսով եմ, որ մեզ կմիավորեն ոչ թե կոնֆլիկտները, այլ սերն առ կինո»,–ասաց Լապիդը։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը, որին կմասնակցեն մի շարք պատվավոր հյուրեր:
«Ոսկե ծիրանի» բացման արարողությունը
© Sputnik / Aram Nersesyan