ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Կորոնավիրուսային վարակը մարդու կյանքի տևողությունը կրճատում է միջինը 10 տարով։ Այս մասին հայտնել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բժշկագենետիկական կենտրոնի ֆունկցիոնալ գենոմիկայի լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող Անչա Բարանովան:
«Քանի դեռ մարդիկ երիտասարդ են և ամուր իմունիտետ ունեն, նրանք մեծամասամբ հաղթահարում են կորոնավիրուսը կամ դրա բարդացումը։ Ծեր տարիքում ավելի ու ավելի շատ են հիվանդությունները, և կորոնավիրուսը, դառնալով դրանցից մեկը, նվազեցնում է կյանքի միջին տևողությունը», – ասել է Բարանովան։
Կենսաբանը հիշեցրել է, որ ժամանակի ընթացքում վիրուսը աստիճանաբար թուլանում է։ Սակայն երկու տարվա ընթացքում կորոնավիրուսի համավարակը, եթե թուլացել է, ապա աննկատ։
Նրա խոսքով ՝ երկու-երեք սերունդ հետո մարդիկ ավելի հեշտ կհաղթահարեն կորոնավիրուսը, նույնիսկ` առանց դեղորայքի։
«Կարող է փոփոխվել մարդկությանը տանջող վիրուսների կառուցվածքը, գուցե գրիպը վերջապես պակասի», - հավելել է մասնագետը:
Կենսաբանը նաև համոզված է, որ կանոնավոր թեստավորումը ուժեղացնում է կորոնավիրուսի տարածման վերահսկողությունը, սակայն չի վերացնում հիվանդանալու վտանգը:
«Կորոնավիրուսը շրջակա միջավայրում շատ ավելի շատ է, քան կարելի է պատկերացնել», – հայտարարել է նա:
Բարանովան պատմել է անգլիացի գիտնականների հետազոտության մասին, որոնք պարզել են, որ չվերթերի ուղևորների 2 տոկոսը, որոնք բացասական թեստ են ունեցել, միևնույն է վիրուսակիր են եղել: Ընդ որում, տարեց մարդկանց շրջանում վիրուս փոխանցողներն ավելի շատ են, քան երիտասարդների շրջանում։