ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. 31 տարի առաջ այս օրը պատմության մեջ շրջադարձային էր. Գերմանիայի ժողովուրդն օգտվեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքից՝ խաղաղ ճանապարհով հասնելով վերամիավորման: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ազգային տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
«Մենք մեծապես արժևորում ենք Գերմանիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը՝ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և մի շարք այլ ոլորտներում։ Ուրախ եմ փաստել, որ այս ուղղությամբ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել»,–նշված է Փաշինյանի ուղերձում։
Նա լիահույս է, որ հետևողական քայլերով առավել կամրապնդվեն հայ-գերմանական բարեկամական կապերը:
Փաշինյանի խոսքով` լինելով կայուն ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր` Գերմանիան շարունակում է մնալ միջազգային հանրության կարևոր և վստահելի անդամ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ը Գերմանիայում համարվում է Ազգային միասնության օր, քանի որ 1990 թ. հոկտեմբերի 3-ին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը վերամիավորվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ: Այժմ հոկտեմբերի 3-ը հանդիսանում է Գերմանիայի միակ պետական տոնը, որը նշվում է պետական մակարդակով. մնացած բոլոր տոները կարգավորվում են տարածաշրջաններով։