Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանն առաջարկում է նորովի բացահայտել Հայաստանի զբոսաշրջային ներուժը՝ համատեղելով ճանապարհորդությունները կոնկրետ տեղանքի հետ կապված հետաքրքիր փորձառության հետ: «Իմ Հայաստան» նախագծի շրջանակում նա ճանապարհորդում է ՀՀ մարզերով և յուրաքանչյուրում նոր ու զվարճալի բան է բացահայտում իր համար։
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը` Վանաձորում
© Photo : provided by Lilit Khachaturyan
«Պատմամշակութային ժառանգության հանրահռչակման հետ մեկտեղ իմ ճամփորդությունների նպատակը նոր հույզեր ու զգացմունքներ ստանալն է, զգացողություններ, որոնք ես երկար կհիշեմ», - ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:
Աղջիկը հասցրել է լինել Սյունիքում, Լոռիում և Շիրակում, նախատեսված են նաև ուղևորություններ դեպի Տավուշ, Վայոց Ձոր, Արագածոտն և Արարատ:
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը գորգ գործել է սովորում
© Photo : provided by Lilit Khachaturyan
Լիլիթին ամենուր ուղեկցում են հատուկ պատրաստություն անցած և տարածաշրջանի պատմությանը քաջատեղյակ տեղացի զբոսավարները։ Նրանք մանրամասն ներկայացնում են իրենց մարզի տեսարժան վայրերն ու ավանդույթները, լեգենդներ, առակներ ու տարբեր զվարճալի պատմություններ են պատմում: Բայց Լիլիթի համար առավել արժեքավոր է գործնական փորձը, որ նա արդեն հասցրել է ձեռք բերել։
«Սիսիանի թանգարանում ընտանիքիս տոհմածառը կազմեցի՝ առաջին անգամ գիտակցելով, որ շատ քիչ բան գիտեմ իմ նախնիների մասին։ Երևան վերադառնալուց հետո սկսեցի հետաքրքրվել, տարբեր նյութեր ուսումնասիրել։ Դա մեծ ազդեցություն թողեց ինձ վրա», - ասաց Լիլիթը։
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյան նկարազարդում է սպասքը
© Photo : provided by Lilit Khachaturyan
Բլոգերն Աշտարակում մասնակցել է քաղցր սուջուխ պատրաստելուն և համտեսելուն, ծղոտից տարբեր իրեր է գործել Եղեգնաձորում՝ ձեռքի հետ բացահայտելով, թե ինչ կիրառություն են դրանք ունեցել հին կենցաղում, հեծանիվով շրջել է «խորհրդային» Վանաձորով, Ալավերդիում ղափամա է եփել։
«Շատ է տպավորել Ակսել Բակունցի տուն-թանգարանը, որտեղ ինձ մանրամասն պատմեցին նրա կյանքի և սովորությունների մասին։ Բայց ամենաշատը հիշում եմ վարդի թերթիկներից պատրաստած թեյը։ Պարզվեց` դա նրա սիրած ըմպելիքն է եղել, և նա հաճախ է խնդրել մորը վարդի թեյ պատրաստել», - տպավորությունները ներկայացրեց Լիլիթը։
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը
© Photo : provided by Lilit Khachaturyan
Աղջիկը շատ արհեստներ է փորձել: Գյումրիի Ասլամազյան քույրերի թանգարանում նա իր ձեռքերով նկարչուհիների նկարների համար մագնիսներ է պատրաստել։ Բացի այդ, նրան հաջողվել է շփվել դարբինների հետ։ Իր ձեռքերով տաք երկաթ է կոփել ու վարպետների պատմությունները լսել։
Լիլիթը հասցրել է ծանոթանալ նաև գորգագործության հիմունքներին և կավի վրա նկարելու արվեստի հետ։ Աղջիկը խոստովանում է, որ եթե ապրեր հին ժամանակների Հայատանում, ապա, ամենայն հավանականությամբ, գորգագործությամբ կզբաղվեր։
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը` Արագածի գագաթին
© Photo : provided by Lilit Khachaturyan
«Բնականաբար, զբոսաշրջությունը չի կարող գաստրոնոմիկ բաղադրիչ չընդգրկել։ Բոլոր մարզերում փորձում եմ ճաշատեսակներ, որոնք բնորոշ են հենց այդ տարածաշրջանին։ Հասկացա, որ մեր խոհանոցը շատ հարուստ է, բայց իրականում քչերը գիտեն այդ մասին։ Իսկ այն կարելի է և պետք է հանրայնացնել», - նշեց բլոգերը։
Горный проводник Степан Адамян
© Photo : provided by Lilit Khachaturyan
Լիլիթը 14 ժամում բարձրացել է Արագածի բոլոր չորս գագաթները։ Նա այդ վերելքը համարում է իր անձնական մարտահրավերն ու նվաճումը։ Եվ դա նույնպես հետաքրքիր փորձ է, որը յուրաքանչյուրը պետք է ունենա, եթե իհարկե ֆիզիկական վիճակը թույլ է տալիս։