ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Թբիլիսիում գտնվող բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Այդ մասին հայտարարել Է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Մամուկա Չելիձեն, հայտնում է Sputnik Գրուզիան։
«Քննության շրջանակում Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները հանցագործությունը թաքցնելու մեղադրանքով ձերբակալել են նաև բնակարանի սեփականատիրոջը՝ 1958թ.-ին ծնված»,-ասել է Չելիձեն։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 335 հոդվածով՝ «հանցագործությունները թաքցնելը», ինչը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երկու տարի ժամկետով:
Երեկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ Սաակաշվիլիին ձերբակալել են Վրաստանում։ Մինչ այդ Սաակաշվիլին ասել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին։
Վրաստանում նրա հանդեպ հայտարարված է ներպետական հետախուզում, Սաակաշվիլին անցնում է մի քանի քրեական գործերով, և վրացական իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, որ եթե նա անցնի սահմանը, անմիջապես կձերբակալվի։