ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 23-ին Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել՝ թուրքական մասնավոր ինքնաթիռ է ժամանել Երևան, հայտնում է 168.am-ը։
Պարբերականը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին (ՔԱԿ)՝ թուրքական ի՞նչ մասնավոր ինքնաթիռ է չարտերային թռիչք կատարել դեպի Երևան և ի՞նչ նպատակով:
Կոմիտեից գրություն է ստացվել.
«Ի պատասխան 2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 23-ին թուրքական «VIZYON HAVACILIK» ավիաընկերության կողմից CESSNA CITATION XLS տիպի օդանավով իրականացվել է Անկարա-Երևան-Բոդրում ուղղությամբ բիզնես չարտերային չվերթ:
Տեղեկացնում ենք նաև, որ սույն չվերթով դեպի Երևան ուղևոր չի փոխադրվել, իսկ Երևանից փոխադրվել է երկու օտարերկրյա քաղաքացի»:
Հիշեցնենք, որ Թուրքիայից Հայաստան օդային սահմանը բաց է, և թուրքական մասնավոր ինքնաթիռների չարտերային թռիչքներ դեպի Հայաստան արգելված չեն։