ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն քննարկել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող նոր ներդրումային ծրագրերն ու նախագծերը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է անցել ԶՊՄԿ-ի կապիտալի 15 տոկոսը: Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել՝ կիրականացվեն և կյանքի կկոչվեն, ինչը շատ կարևոր է ոչ միայն Ձեր ընկերության, այլ նաև մեր տնտեսության համար: Գտնում ենք, որ պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և զարգացմանը»,- ասել է Փաշինյանը:
Ռոման Տրոցենկոն էլ շնորհակալություն է հայտնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ մշտական ուշադրության համար, որտեղ, նրա խոսքով, վերջին տասնամյակների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ:
«Մենք ուրախ ենք ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա կայունացնել կոմբինատի շուրջ իրավիճակը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել երկարաժամկետ լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 4 մլրդ դոլարի: Դա թույլ կտա վերամշակել արտադրանքը, կառուցել նոր արտադրամասեր, որպեսզի Հայաստանն արտադրի պղինձ, այլ ոչ թե խտանյութ, ինչպես նաև նոր ատոմային էլեկտրակայան: Ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ, ինչը կբացի զարգացման նոր ուղիներ»,– նշել է Տրոցենկոն:
Վարչապետը նկատել է, որ պղնձաձուլարանի կառուցումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծավալների նոր պահանջարկի:
«Ծրագրերի հաջող իրականացումը շատ կարևոր է մեզ համար, և հույս ունենք, որ դրանք նոր ազդակ կհաղորդեն Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանը: Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է նման նախագծով և կօժանդակի դրա առավել արդյունավետ իրականացմանը»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերումը, ինչը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը, կնպաստի մասնավոր հատված-պետություն համագործակցության ընդլայնմանը, ԶՊՄԿ-ի հետագա արդյունավետ գործունեությանը:
Զրուցակիցները կարևորել են ծրագրերի ժամանակին և հնարավորինս արագ իրականացումը և պայմանավորվել ակտիվորեն համագործակցել այդ ուղղությամբ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։
Քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, ապա այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։
Հետաքրքրական է, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ը նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։ Բանն այն է, որ իրականում այն բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին ու նույն օրն էլ իր ձեռք բերած 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը։ Պարզվում է նաև, որ այս ընկերությունն իր հերթին պատկանում է կոմբինատի բաժնետեր «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությանը։