ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարող է մեկ -երկու ամսվա ընթացքում ճանաչել ռուսական արտադրության «Սպուտնիկ–V» պատվաստանյութը: Այս մասին հայտնում է RT Telegram ալիքը` վկայակոչելով արգենտինական Richmond Laboratories դեղագործական ընկերության ղեկավար Մարսելո Ֆիգուեյրասի հայտարարությունը:
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, 1-2 ամսում հաստատումն անխուսափելի է: Պատվաստանյութի ո՛չ անվտանգությունը, ո՛չ էլ արդյունավետությունը վտանգված չեն, այն փորձարկվել է հարյուր միլիոնավոր մարդկանց վրա», - ասել է նա:
Հիշեցնենք, որ ռուսական դեղամիջոցը աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութն էր կորոնավիրուսի դեմ: «Սպուտնիկ–V»- ն կիրառվում է աշխարհի 70 երկրներում, որոնց բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության ավելի քան 50% -ը:
Հայաստանում «Սպուտնիկ–V»- ն ևս ներկայացված է։ Բացի այդ, Հայաստանում նաև մեկնարկել է «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի արտադրությունը։
«Սպուտնիկ Լայթի» վավերացված խմբաքանակները կուղարկվեն ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոն (ՀՄԱՀԿ)՝ որակի ստուգման նպատակով։ Հետազոտության ավարտին դրական արդյունքները թույլ կտա սկսել պատվաստանյութի կոմերցիոն արտադրություն։