Թեև Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են տնտեսական ոլորտում, սակայն շարունակում են մնալ քաղաքական հակառակորդներ։ Այդ հակադրությունը տարիներ շարունակ մենք տեսնում ենք Սիրիայում, Ուկրաինայում, Լիբիայում, նաև ղարաբաղյան հակամարտության հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
Նրա կարծիքով` այդ հակադրությունը նկատելի էր նաև Էրդողանի ընդունելության ժամանակ, երբ ռուսական կողմը Թուրքիայի նախագահին դիմավորեց Կրասնոդարի նահանգապետի տեղակալի մակարդակով։
«Ռուսական կողմը նշեց, որ այդպես է անում, քանի որ Թուրքիան Ղրիմի հարցով աջակցել է Ուկրաինային, և սա ցույց է տալիս, որ Ռուսաստանն ու Թուրքիան քաղաքական առումով հակադիր ճամբարներում են։ Թուրքիան էլ հայ-թուրքական հարաբերություններում նախապայմաններ է դնում։ Դրանք հենց այնպես չեն, այդ նախապայմանները կատարելուց հետո թուլանալու է ռուսական ազդեցությունը։ Բացի այդ, լարվածությունը նկատելի է նաև երկու նախագահների հանդիպման կադրերում»,- նշեց թուրքագետը։
Նրա խոսքով` պարզ է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման դիմաց Ռուսաստանն ուզում է, որ Ղարաբաղում անժամկետ տեղակայված լինի ռուսական զորքը, ինչը չի բխում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից, և դարձյալ այս հարցը մնում է առկախված` նման պայմաններում Թուրքիան և Ադրբեջանը կհամաձայնե՞ն արդյոք հաղորդակցությունների բացմանն ու հարաբերությունների բարելավմանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տևեց մոտ 3 ժամ։
Կողմերը քննարկեցին ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներ` իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում: