ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի Հայաստանում ներդրում անել ցանկացող իրանցի գործարարներին։ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նման հայտարարություն է արել ՝ ի պատասխան ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի հայտնած տեղեկության, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Զոհուրին նշել էր, որ Իրանը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու մեծ ցանկություն ունի, և որ իրանցի գործարարներն այս փուլում հետաքրքրված են Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու ծրագրերով։
Այդ համատեքստում, դեսպանը կարևորել է երկու երկրների՝ վաղ անցյալից եկող բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ դրանք լավ հիմք են բոլոր ուղղություններով առկա համագործակցությունն ամրապնդելու ու զարգացնելու համար։
Իրանի դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Անդրեասյանին ՝ Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար և անդրադարձել առկա որոշ խնդիրների, որոնց իրավական լուծման համար նախարար Անդրեասյանը ջանքեր ներդնելու պատրաստակամություն է հայտնել։
Նախարար Անդրեասյանն ու դեսպան Զոհուրին շփումներն ու համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։